Լուրեր

Գալուստ Սահակյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին

08.07.2015

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:

Շնորհավորելով պարոն Ուրրիոլաբեիտիային Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Գալուստ Սահակյանը հաջողություններ է մաղթել նրան: ԱԺ նախագահը կարեւորել է երկու երկրների խորհրդարաններում ձեւավորված բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը, ինչը նպաստում է երկկողմ համագործակցության խորացմանը: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Արգենտինայում հայ համայնքի նկատմամբ իշխանությունների ցուցաբերած ջերմ վերաբերմունքը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացում մեծ է եղել Արգենտինայի Հանրապետության ներդրումը: Խորհրդարանի ղեկավարը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ-ի կողմից նախաձեռնվել է ստեղծել «Խորհրդարաններն ընդդեմ ցեղասպանության» միջազգային համագործակցության պլատֆորմ, որի ձեւավորման գործում նա կարեւորել է բոլոր երկրների խորհրդարանների ներկայացուցիչների մասնակցությունը:

Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտային, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ իր գործունեությամբ կնպաստի երկու խորհրդարանների միջեւ համագործակցության խորացմանը, հայ-արգենտինական բարեկամական խմբերի սերտացմանը եւ փոխայցերի ակտիվացմանը:

← Վերադառնալ ցուցակին