Լուրեր
Տարոն Մարգարյանը հանդիպել է ԳԴՀ 12 քաղաքների քաղաքապետերի պատվիրակության հետ
19.06.2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության 12 քաղաքների քաղաքապետերի պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը: Ողջունելով հյուրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախ համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները, նշել է, որ այսօր Երևանի զարգացման ծրագրերով հստակ քայլեր են ձեռնարկվում քաղաքային կառավարման տարբեր ոլորտներում զարգացումներ ապահովելու ուղղությամբ: Անդրադառնալով միջազգային համագործակցությանը` քաղաքապետn առանձնացրել է նաև այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցություն է իրականացնում գործընկեր քաղաքների հետ:
«Մայրաքաղաքի արդյունավետ կառավարման հարցում մենք կարևորում ենք նաև միջազգային փորձի փոխանակումը: Այս տեսանկյունից, անշուշտ, շատ կարևոր է նաև գործընկեր քաղաքների հետ արդյունավետ փոխգործակցության խթանումը: Երևանը տարեցտարի ընդլայնում է գործակցության շրջանակներն ու այսօր համագործակցում է աշխարհի շուրջ 50 քաղաքների հետ: Ըստ այդմ, համոզված եմ, որ առաջիկայում արդյունավետ գործակցություն կհաստատենք նաև գերմանական քաղաքների հետ և այս հարցում, անշուշտ, մեծ է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի, ինչպես նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունների դերը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի ու Գերմանիայի քաղաքապետերից կազմված ֆուտբոլային թիմերի ընկերական հանդիպմանը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Հեսսենի երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերային նախաձեռնության համար, նկատելով, որ այն ևս մեկ հրաշալի առիթ է ամրապնդելու երկու ժողովուրդների բարեկամությունն ու այցի շրջանակում քննարկելու գործակցության ձևավորման ու ընդլայնման հետ կապված հարցեր:
Իր և Գերմանիայի քաղաքների քաղաքապետերի պատվիրակության անդամների անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` հանդիպմանը ներկա ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը ողջունել է գերմանական քաղաքների հետ գործընկերային սերտ կապեր հաստատելու Երևանի քաղաքապետի պատրաստակամությունը և իր հերթին վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կնպաստի հնարավորին կարճ ժամանակում այդ հարաբերությունները ձևավորելուն և զարգացնելուն:
Գերմանիայի Աբշտայնախ քաղաքի քաղաքապետ, Գերմանիայի քաղաքապետերից կազմված ֆուտբոլային թիմի ղեկավար Ռոլֆ Ռեյնարդն իր հերթին նկատել է, որ, ընդունելով իրենց առաջարկը, Երևանն, ըստ էության, բարեկամական ձեռք է մեկնել գերմանական քաղաքներին: «Մեզ համար իսկապես հաճելի է տեսնել ու զգալ այն հյուրընկալությունն ու ջերմ ընդունելությունը, որ ցուցաբերվեց Երևանում առաջին իսկ պահից: Այցի շրջանակում մենք հասցրել ենք արդեն փոքր-ինչ ծանոթանալ Երևանի պատմությանն ու քաղաքի անցուդարձին, և պետք է վստահեցնեմ, պարոն քաղաքապետ, որ տպավորված ենք Երևանով: Եվ համոզված եմ, որ ֆուտբոլը մեզ ավելի սերտ կապերով կկապի Երևանի հետ»,- նշել է Ռոլֆ Ռեյնարդը:
Հաջողություն մաղթելով ֆուտբոլային երկու թիմերին այսօր երեկոյան Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայանալիք ընկերական խաղում` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է ինչպես համագործակցության, այնպես էլ տարբեր ձևաչափերով բարեկամական կապերի ընդլայնման ու ամրապնդման հարցում: