Լուրեր
Վարչապետն ընդունել է ՄԱԳԱՏԷ-ի կարգավորող մարմնի գործունեության դիտարկման առաքելության ղեկավարին
10.06.2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կարգավորող մարմնի գործունեության դիտարկման առաքելության ղեկավար Հանս Վաններին:
Վարչապետը բարձր է գնահատել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության ներկայիս մակարդակը և նշել, որ Հայաստանը հանձնառու կերպով կատարում է միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները՝ զուգահեռաբար բարելավելով ազգային օրենսդրությունը միջուկային անվտանգության ոլորտում:
Հանս Վանները շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և կարևորել կառավարության՝ այս բնագավառում ստանձնած պարտավորությունները հետևողականորեն կատարելու պատրաստակամությունը:
Զրուցակիցները քննարկել են միջուկային անվտանգության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Պարոն Վանները ներկայացրել է իր գլխավորած առաքելության ուսումնասիրության արդյունքները և առաջարկությունները՝ Հայաստանում ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի անվտանգության կարգավորման և ՄԱԳԱՏԷ-ի անվտանգության չափանիշներին շարունակական համապատասխանեցման վերաբերյալ:
Երկուստեք կարևորվել է Հայաստանի ատոմակայանի անվտանգության բարձրացման ուղղությամբ շարունակական միջոցառումների իրականացումը: Վարչապետը նշել է, որ ատոմակայանի անվտանգ շահագործումը և ապահովության մակարդակի բարձրացումը գտնվում է կառավարության մշտական ուշադրության կենտրոնում, և գործադիրը շարունակելու է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունն այս ուղղությամբ: