Լուրեր

ԱԺ նախագահը եւ նրա գլխավորած պատվիրակությունը Կանադայում հանդիպումներ են ունեցել

27.05.2015

 Խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը մայիսի 26-ին հանդիպել է Կանադայի Սենատի նախագահ Լեո Հուսակոսի հետ:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել հրավերի եւ ջերմ ընդունելության համար: Խոսելով երկու երկրների հարաբերությունների մասին` խորհրդարանի ղեկավարը նշել է, որ 1992 թվականից ի վեր, երբ Կանադայի եւ Հայաստանի միջեւ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, երկու երկրների իշխանությունները տարեցտարի զարգացրել են բարեկամական հարաբերությունները: Գալուստ Սահակյանի համոզմամբ` այժմ եկել է խորհրդարանական համագործակցության նոր փուլի ուրվագծման ու իրագործման ժամանակը:

ԱԺ նախագահը Լեո Հուսակոսին ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի նախաձեռնությունը, որով մեկնարկել է ցեղասպանությունների կանխարգելման եւ դատապարտման խորհրդարանական հանձնախմբեր ստեղծելու գործընթացը: Գալուստ Սահակյանը նշել է, որ շուտով, երբ Հայաստանի խորհրդարանն ամբողջությամբ ավարտի այդ գործընթացը, հատուկ առաջարկով դիմելու է աշխարհի առաջադեմ երկրների խորհրդարաններին, որպեսզի նրանք էլ ստեղծեն համանուն հանձնախմբեր:

Գալուստ Սահակյանը Լեո Հուսակոսին ներկայացրել է նաեւ Արցախյան հիմնախնդրին վերաբերող որոշ մանրամասներ: Նա ցավով նշել է, որ Ադրբեջանի կողմից գրեթե ամեն օր խախտվում է հրադադարի ռեժիմը, ինչի հետեւանքով երկու կողմերը հաճախ ունենում են մարդկային կորուստներ: Ազգային ժողովի նախագահը վերահաստատել է Հայաստանի` Արցախյան հիմնախնդրին խաղաղ ճանապարհով լուծում տալու դիրքորոշումը:
Գալուստ Սահակյանը գոհունակությամբ փաստել է, որ Կանադան հավասարակշռված մոտեցում ունի Լեռնային Ղարաբաղի հարցում:

Խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին՝ ԱԺ նախագահը նշել է. «Ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը չպետք է դիտարկվեն քաղաքական հարցերի շրջանակում: Ժամանակն է, որ այդօրինակ հարցերում ոչ թե քաղաքականությունն ազդի քաղաքակրթության վրա, այլ ճիշտ հակառակը, քաղաքակրթությունը՝ քաղաքականության վրա»:
Կանադայի Սենատի նախագահ Լեո Հուսակոսը շնորհակալություն է հայտնել Գալուստ Սահակյանին հրավերն ընդունելու եւ Կանադա այցելելու համար: Հանդիպման ընթացքում պատվիրակությունը շրջել է Սենատում եւ ծանոթացել Սենատի գործունեության ընթացակարգերին:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հովհաննես Սահակյանը, Ռուզաննա Մուրադյանը, Արտակ Զաքարյանը, Թեւան Պողոսյանը, Իշխան Խաչատրյանը, Հրանտ Բագրատյանը, Լյովա Խաչատրյանը եւ Աղվան Վարդանյանը, հանդիպումներ է ունեցել նաեւ Կանադայի ազգային պաշտպանության եւ մշակութային բազմազանության նախարար Ջեյսոն Քեննիի հետ, ով Կանադայում հայտնի է Հայոց ցեղասպանությունն աշխարհում ճանաչելու եւ դատապարտելու գործում իր ունեցած ավանդով: Պատվիրակությունը հանդիպել է նաեւ Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ:

Հայկական պատվիրակության պատվին Կանադայի Սենատի նախագահի կողմից տրվել է պաշտոնական ճաշ:

← Վերադառնալ ցուցակին