Լուրեր
Գալուստ Սահակյանն ընդունել է Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին
21.05.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 21-ին ընդունել է Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուեւաս Բառոնին:
Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրներն ունեն մեծ ներուժ՝ քաղաքական, տնտեսական, գիտական ու մշակութային ոլորտներում սերտ համագործակցություն ծավալելու համար: Այդ համատեքստում Գալուստ Սահակյանն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի եւ Մեքսիկայի միջեւ մշակութային կապերի զարգացման առթիվ: Նա կարեւորել է երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացումը՝ ընդգծելով հայկական կողմի պատրաստակամությունը միջխորհրդարանական կապերի հաստատման ուղղությամբ եւ փաստել, որ մեր խորհրդարանում ստեղծվել է Հայաստան-Մեքսիկա բարեկամական խումբը:
ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւորում է համագործակցությունը նաեւ միջազգային ասպարեզում: Այնուհետեւ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ նշել է, որ օրեր առաջ Երեւանում տեղի է ունեցել «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» գլոբալ ֆորումը, որին մասնակցել են աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ ներկայացուցիչներ: ԱԺ նախագահի կարծիքով՝ խորհրդարանականներն ունեն առաջնային դեր նմանատիպ հանցագործությունների դատապարտման եւ կանխման գործում:
Խոսելով ԼՂ հակամարտության մասին՝ Գալուստ Սահակյանը վերհաստատել է հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի դիրքորոշումը:
ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ 2011 թվականին Մեքսիկայի խորհրդարանի Վերին եւ Ստորին պալատների կողմից ընդունված բանաձեւերին, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական հակամարտությանը եւ հակադրվում են միջազգային հանրության դիրքորոշումներին ու բանակցային գործընթացին: Գալուստ Սահակյանն իր մտահոգությունն է հայտնել ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքին սահմանադրորեն գերակայություն տվող երկրում՝ Մեքսիկայում, նման բանաձեւերի ընդունման առիթով:
ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ տիկին Կուեւաս Բառոնի այցը կնպաստի միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը:
Գաբրիելա Կուեւաս Բառոնն իր խոսքում նշել է, որ ճիշտ ժամանակն է ընդլայնելու եւ սերտացնելու երկու երկրների հարաբերությունները, քանի որ մեքսիկացի եւ հայ ժողովուրդներն ունեն պատմական շատ ընդհանրություններ: Նա հարաբերությունների զարգացման գործում կարեւորել է Մեքսիկայում Հայաստանի դեսպանության բացումը:
Տիկին Կուեւաս Բառոնը նշել է, որ մեքսիկացիները միշտ պայքարել են մարդկանց իրավունքների պաշտպանության համար՝ սահմանադրորեն ամրագրելով դա:
Հանդիպման ավարտին Գաբրիելա Կուեւաս Բառոնը հույս է հայտնել, որ Ազգային ժողովում ստորագրված հուշագիրը հայ-մեքսիկական հարաբերությունների նոր սկիզբ կդառնա՝ նպաստելով երկու ժողովուրդների բարեկամության խորացմանը: