Լուրեր

Ավարտին է մոտենում ԼՂՀ-ում ընթացող <<Առողջ ապրելակերպ 2015>> եռօրյա առողջապահական ծրագիրը

21.05.2015

 Մոտենում է ավարտին մայիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկած <<Առողջ ապրելակերպ 2015>> ծրագիրը, որը կազմակերպվել է Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և Երևանի պետական բժշկական համալսարանի ՈՒսանողական խորհրդարանի համատեղ նախաձեռնությամբ: Ծրագրի նպատակն է երեխաների և դեռահասների շրջանում բարձրացնել առողջ ապրելակերպի վերաբերյալ տեղեկատվության մակարդակը, դպրոցի ուսուցիչներին իրազեկել առաջին բուժօգնության առաջնային դրույթների մասին, կատարել երեխաների բուժզննում և կարիեսի պրոֆիլակտիկա:
Ծրագրի նախապատրաստական փուլում վերջինիս շարունակականության համար ստեղծվել է ինտերնետային կայքէջ, որտեղ տեղակայված են թեմատիկ կիրառական նյութեր ու համապատասխան տեսանյութեր, և այն պարբերաբար թարմացվելու է: Նաև տպագրվել են 2 տեսակի պոստերներ, որոնցից մեկը` առաջին օգնություն ցուցաբերելու ձևերը պատկերողը, նախատեսված է ուսուցիչների համար, իսկ անձնական հիգիենայի պահպանման ճիշտ ձևերն ու անհրաժեշտությունը ներկայացնողը նախատեսված է աշակերտների համար:
Ծրագրի առաջին 2 օրերի ընթացքում այցեր իրականացվեցին Ասկերանի և Մարտակերտի մի շարք դպրոցներ և Ստեփանակերտի <<Զանգակ>> մանկատուն, որոնց ընթացքում երեխաների հետ առանձին խմբերով աշխատեց համապատասխան անձնակազմ, ընթերցվեցին փոքրիկ դասախոսություններ, ցուցադրվեցին պատկերավոր և կիրառական նյութեր, իսկ ուսուցիչների համար մանեկենների օգնությամբ անցկացվեցին պրակտիկ պարապմունքներ:
Ծրագրի շրջանակում ի սկզբանե նախատեսված են եղել դասախոսություններ հետևյալ թեմաներով` առաջին օգնություն, անձնական հիգիենա, վնասվածքներ և գադջեթների կիրառում:
Ծրագրի 3-րդ օրը նախատեսում է այցեր Ստեփանակերտի թիվ 1 և 7 դպրոցներ և դասընթացների անցկացում:
Հավելենք, որ յուրաքանչյուր դասընթացի ավարտին դպրոցներին նվիրաբերվել են առաջին բուժօգնության պայուսակներ, բուկլետներ և պոստերներ` ծրագրի երկարաժամկետ օգտավետության համար:
Ծրագրի իրականացումն ակնկալում է աշակերտների ինքնագիտակցության բարձրացում, հապապատասխան գիտելիքների հաղորդում, ուսուցչական և դաստիարակչական անձնակազմերին առաջին բուժօգնության հմտությունների փոխանցում և դպրոցներում միջադեպերի հնարավոր բացասական հետևանքներից զերծ մնալու պատրաստվածության համապատասխան մակարդակի ապահովում:

← Վերադառնալ ցուցակին