Լուրեր

Քննարկվել են Երևանի և Մեխիկոյի միջև համագործակցության հաստատմանն առնչվող հարցեր

20.05.2015

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Գաբրիելա Կուեվաս Բարրոնի հետ: Հյուրին ներկայացնելով մայրաքաղաքում իրականացվող զարգացման ծրագրերն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում բարեփոխումների ընթացքը` Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն այսօր համագործակցության բազում ծրագրեր է իրականացնում քույր և գործընկեր քաղաքների հետ:
«Հայաստանի Հանրապետության և Մեքսիկայի միջև համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչն էլ ավելի է պարտավորեցնում մեզ գործընկերային կապեր հասատել նաև երկու մայրաքաղաքների միջև: Ցավոք, երկու պետությունների մայրաքաղաքներն այսօր դեռևս չեն փոխգործակցում և, ըստ այդմ, ակնկալում եմ Ձեր աջակցությունը երկուստեք գործընկերային կապերի հաստատման և ամրապնդման հարցում», - ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ Երևանի և Մեխիկոյի միջև առկա է համագործակցության մեծ ներուժ՝ հարաբերություններ հաստատելու, կոնկրետ ծրագրեր իրականացնելու համար, առավել ևս հաշվի առնելով երկու երկրներում արտակարգ և լիազոր դեսպանների կողմից տարվող հետևողական աշխատանքը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Գաբրիելա Կուեվաս Բարրոնն իր հերթին ընդգծել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Երևանի և Մեխիկոյի միջև ևս գործընկերային հարաբերություններ հաստատվեն:
«Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրերն իսկապես բազմազան են, և ես վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը երկու պետությունների մայրաքաղաքների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ»,- նշել է Գաբրիելա Կուեվաս Բարրոնը:
Շնորհակալություն հայտնելով փոխգործակցության պատրաստակամության համար և իր հերթին կարևորելով միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնումն ու փորձի փոխանակումը՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է՝ իր լիազորությունների շրջանակում քննարկելու երկկողմ կապերի հաստատման ու ամրապնդման ցանկացած նախաձեռնություն:

← Վերադառնալ ցուցակին