Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
09.05.2015
Մայիսի 9-ին Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը, Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈՒ հրամանատարությունն ու մեր երկրում հավատարմագրված օտարեկրյա դեսպաններն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Խորհրդարանի ղեկավարը ծաղկեպսակ ու ծաղիկներ է խոնարհել «Անհայտ զինվորի» հուշաքարին: Մայրաքաղաքի ամենաբարձր հատվածն ամբողջությամբ տոնական էր, արվել էր ամեն ինչ՝ 70-ամյակի շունչն ընդգծելու համար: Խորհրդանշական միջոցառումն սկսվել է զինվորական շքերթով, իսկ երկնքում տոնն ապահովել է հայկական օդուժը: Աժ նախագահը լրատվամիջոցներին տված հարցազրույցում առանձնակի հպարտությամբ է խոսել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի ու դրանում հայերի ունեցած ներդրման մասին: Անդրադառնալով Շուշիի ազատագրմանը՝ Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ այդ էջը հայ ժողովրդի նորագույն պատմության կարեւորագույն հաղթանակն է: Խորհրդարանի ղեկավարը զինվորական վրանային ճաշարանում ճաշել է նաեւ Մեծ հայրենականի ու Արցախյան պատերազմի վետերանների հետ: