Լուրեր

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԿՐՈՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻՆ

08.05.2015

 Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ մայիսի 7-ին երեկոյան Վաշինգտոնի ազգային մայր տաճարում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքին: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: Միջկրոնական աղոթքի արարողությանը մասնակցել են նաև ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը, նախագահող եպիսկոպոս և Եպիսկոպալ եկեղեցու առաջնորդ Քեթրին Սքորին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Օլավ Ֆիքսե Թվեյթը, բազմաթիվ հոգևորականներ, ԱՄՆ հայ համայնքի հազարավոր անդամներ, ամերիկացի դիվանագետներ, հասարակական և քաղաքական գործիչներ:

 

***


ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Վաշինգտոնի մայր տաճարում


Հարգելի՛ փոխնախագահ Բայդեն,

Վերապատվելի՛ դոկտոր Քեթրին Սքորի,

Պատվելի՛ դոկտոր Օլավ Ֆիքսե Թվեյթ,

Ձե՛րդ Սրբություն Կաթողիկոս Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ,

Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջին,

Գերաշնո՛րհ սրբազան հայրեր,

Հարգելի՛ ներկաներ,

Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ Վաշինգտոնի մայր տաճարում. տաճար, որի հիմքում Քրիստոսի ծննդավայր Բեթղեհեմից բերված քարն է՝ «Խոսքը մարմին էր և բնակվեց մեր մեջ» փորագրությամբ:
Այս տաճարում իր վերջին քարոզը հնչեցրեց իրավահավասարության ականավոր պաշտպան Մարտին Լյութեր Քինգը, ով կյանքում մի երազանք ուներ միայն՝ «արդարության և խաղաղության հաստատումը»:

Այս տաճարում իր վերջին հանգրվանն է գտել Ամերիկայի Միացյալ Նահանգների 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնը, ով բացառիկ դերակատարում է ունեցել միջազգային հարաբերություններում ազատական, ավելին` իդեալիստական գաղափարախոսության ամրագրման գործում: Եվ որքան էլ նրան համարեն իդեալիստ հենց այդ գաղափարախոսության ծնունդ էր միջազգային կազմակերպությունների համակարգի հիմնադրումը, մարդու և քաղաքացու իրավունքների միջազգային պաշտպանության առաջին դրսևորումները, ժողովուրդների ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքների ամրագրումը: Հայ ժողովրդի հիշողության մեջ նա ընդմիշտ կմնա որպես մեզ ձեռք մեկնած միջազգային առաջնորդ, ով ուներ Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման արդար տեսլական:

Հետևաբար խորհրանշական է, որ այսօր այս տաճարում տեղի է ունենում միջկրոնական աղոթք՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, և կհնչեն Սաղմոսի խոսքերը առ այն, որ «բարությունն ու ճշմարտությունը հանդիպեն միմյանց, և արդարությունն ու խաղաղությունը տարածվեն»:

Մի՞թե բարության ու մարդասիրության պակասի պատճառով չէր, որ հարյուր տարի առաջ մեկուկես միլիոն հայ զոհ գնաց «սպանել, քանի որ տարբեր է» կարգախոսին: Միթե՞ արդարության և խաղաղության բացակայությունը չդարձավ 6 միլիոն հրեաների սպանության պատճառ, միթե՞ անհամերաշխության հետևանք չեն մարդկության պատմության մատյանում այսօր գրված Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունների էջերը: Արդյո՞ք համախմբվածության պակասի և ժամանակին համապատասխան քայլեր չձեռնարկելու պատճառով չէ, որ այսօր էլ Մերձավոր Արևելքում փոքրամասնություններն անցնում են նույն դժոխային ուղին, ինչ հայերն ու հրեաները, թութսիներն ու սուդանցիները:

Ցավալիորեն՝ այո՛: Եվ, ցավոք, բոլորս ստիպված ենք խոստովանել, որ որպես միջազգային հանրություն՝ չունենք նման երևույթները կանխելու հուսալի մեխանիզմներ: Ավելին՝ մենք տեսնում ենք ահագնացող բռնություն գործելաոճի մեջ և ցինիզմ՝ մեկնաբանություններում:

Հարգելի՛ ներկաներ,

Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ բազմազանության և բազմակարծության, ժողովրդավարության և ազատության բնօրրանում, գոհունակության խոսք եմ հղում ձեզ առ այն, որ այս տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, աշխարհի տարբեր երկրներն ու ժողովուրդները նորովի համախմբվեցին ցեղասպանությունների դեմ միջազգային պայքարի շուրջ՝ հայտարարելով, որ միասնական են արդարության վերականգնման և ճշմարտության հաղթանակի հարցերում: Նման համախմբման վառ օրինակ է նաև այս պահը՝ համերաշխությանն ուղղված միջկրոնական աղոթքով:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Արդարության և ճշմարտության համար մղվող մեր հարյուրամյա պայքարի ընթացքում մենք մշտապես զգացել ենք նաև ԱՄՆ-ի աջակցությունը: Ցեղասպանության զոհերի թիվն անհամեմատ մեծ կլիներ, իսկ վերապրածների ճակատագիրը` շատ ավելի դաժան, եթե այդ ծանր շրջանում մեր ժողովրդի կողքին չկանգնեին մեր բարեկամ երկրները, այդ թվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները: Ինչպես բնորոշել է մեծ ամերիկահայ Վիլյամ Սարոյանը՝ «այստեղ հանդիպեցին ցեղասպանությունից մազապուրծ հայերը, ծիծաղեցին ու աղոթեցին իրենց մայրենի լեզվով՝ ստեղծելով մի նոր Հայաստան»:

Ամերիկյան առաջադեմ հասարակական-քաղաքական գործիչները դեռևս 19-րդ դարի վերջին խստորեն դատապարտել են սուլթանական կառավարության հակահայկական քաղաքականությունը և օգնության ձեռք մեկնել տարագիր հայերին։ Հիշենք Ամերիկյան Կարմիր խաչի հիմնադիր Կլարա Բարտոնի հերոսական ու բացառիկ առաքելությունը՝ օվկիանոսից այն կողմ տառապյալ հայերին օգնություն ցուցաբերելու համար: Ամերիկյան հասարակությունը բողոքի ձայն բարձրացրեց նաև 1915-1923 թվականներին՝ հայերի զանգվածային կոտորածների և տեղահանության դեմ, որը հետագայում պետք է որակվեր որպես ցեղասպանություն։ Ամերիկյան մամուլն ամեն օր տպագրել է այս ողբերգական իրադարձությունների ականատես դիվանագետների, միսիոներների, հրաշքով փրկված հայերի պատմածները, իսկ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի անունը ոսկե տառերով է հավերժացվել հայերի բարեկամների շարքում: Ժամանակին նա դարձավ առաջին ամերիկացին, ով աշխարհին պատմեց հայ ժողովրդի նկատմամբ երիտթուրքերի զանգվածային հանցագործությունների մասին՝ որպես «ազգի ոչնչացման արշավ» որակելով Հայոց ցեղասպանությունը: Հայ ժողովուրդը հավերժ կհիշի նաև հարյուրավոր այն ամերիկացիներին, ովքեր Հայաստանի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի տարածքում որբանոցներ հիմնեցին՝ մահից փրկելով և խնամելով ցեղասպանությունը վերապրած տասնյակ հազարավոր հայ որբերի:

Մեր օրերում էլ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանությանը հստակ գնահատականներ տալու փորձեր են կատարվում: Միայն այն փաստը, որ արդեն 44 նահանգ ճանաչել և դատապարտել է մարդկության դեմ իրագործված այդ ոճիրը, արդեն իսկ ասածիս վառ ապացույցն է: Հուսով եմ, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման հարցը ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է:

Հարգելի՛ ներկաներ,

Ինչպես իր հուշերում գրում է Հենրի Մորգենթաուն, թուրքական յաթաղանի վտանգի ներքո հեռանալով օջախներից, որոնցում նրանց նախնիներն ապրել էին դեռևս 2500 տարի առաջ, հայերն ասում էին. «Աղոթե՛ք մեզ համար»: Օրերս Հայ Առաքելական Եկեղեցին սրբադասեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին՝ մեկուկես միլիոն նահատակներն արդեն սրբեր են: Ուստի նրանց համար աղոթելու հետ մեկտեղ, եկեք աղոթենք, որ ճշմարտության և արդարության պահանջը լինի մշտարթուն ու ղողանջի հավերժ, ինչպես 100-րդ տարելիցի նախօրեին ամբողջ աշխարհով հնչող եկեղեցիների հարյուր զանգերը: Եկե՛ք համատեղ ուժերով վիրակապենք մարդկության վերքերը՝ հասնելու համար արդարության և խաղաղության մեզանում և ամբողջ աշխարհում:

Շնորհակալություն:

 

← Վերադառնալ ցուցակին