Լուրեր
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ
07.05.2015
Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև առևտրի և ներդրումների մասին շրջանակային համաձայնագրի» ստորագրման արարողությանը: Փաստաթուղթը ՀՀ կառավարության կողմից ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԱՄՆ կառավարության կողմից՝ ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Դեն Մուլանին:
Հանրապետության Նախագահն այնուհետև հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որտեղ հանդես է եկել ողջույնի խոսքով և պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին:
Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպել է նաև ՀՅԴ բյուրոյի ԱՄՆ արևելյան ափի Կենտրոնական կոմիտեի և Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության օրակարգին վերաբերող հարցեր:
***
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Վաշինգտոնի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ես հպարտ եմ ձեր ընկերակցությամբ այս ջերմ միջավայրում գտնվելու համար: Ամեն անգամ մեծ ուրախությամբ եմ հանդիպում մեր հայրենակիցներին, այն մարդկանց, ովքեր կարողացել են համախմբվել, կարողացել են աշխարհի ամենաազդեցիկ պետություններից մեկում ապահովել մեր ձայնը, ստեղծել այնպիսի հզոր ու ներկայանալի համայնք, որի մասին խոսում են ամենուր՝ խոսում են մեր բարեկամները և մեր ոչ բարեկամները:
Ես կրկնակի հպարտ եմ, որ դուք հային բնորոշ աշխատասիրությամբ, ստեղծարարությամբ, տաղանդով և այս երկրի հանդեպ անկեղծ նվիրումով ձեր ներդրումն եք բերում նաև ամերիկյան մշակութային բազմազանությանն ու երկրի զարգացման գործին:
Պատմությունը շարունակում է գրել իր էջերը, և անցած ապրիլը նոր էջ գրեց մեր պատմության մեջ, երբ մենք միահամուռ ջանքերով ոգեկոչեցինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ աշխարհին հղելով մեր «այլևս երբեք» կոչը:
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքից շուրջ 65 օտարերկրյա պատվիրակությունների, պետությունների ղեկավարների մասնակցությամբ մենք ամրագրեցինք՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցն այլևս մարդու իրավունքների համաշխարհային քաղաքականության անօտարելի մասն է:
Պատմության ընթացքում մենք միշտ էլ զգացել ենք մեր բարեկամների աջակցությունը, որը դրսևորվել է ամենատարբեր ձևերով: Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը դարձավ մի նոր էջ միջազգային հանրության զորակցության առումով. Հունաստանի և Կիպրոսի խորհրդարանները քրեականացրին Հայոց ցեղասպանության ժխտումը, Ավստրիայի, Բոլիվիայի, Չիլիի և Լյուքսեմբուրգի խորհրդարանները ճանաչեցին այն, Եվրոպական խորհրդարանը և Ռուսաստանի պետական դուման դատապարտող բանաձևեր ընդունեցին, իսկ Գերմանիայի Նախագահի շրջադարձային ելույթը՝ սեփական պատմությանն առերեսվելու խիզախության կոչով, ուղենիշ դարձավ աշխարհն ավելի արդար և ավելի անվտանգ դարձնելու նպատակ ունեցող ներկա ու ապագա առաջնորդների համար: Բազմաթիվ բանաձևեր և հայտարարություններ ընդունեցին միջազգային ամենատարբեր կառույցներ և կազմակերպություններ, այդ թվում նաև քաղաքական ուժեր, ինչն ուղղակի աննախադեպ էր: Ես նկատի ունեմ Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ուժի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության կողմից Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը և նաև կոչը իր կուսակիցներին, պաշտոնատար անձանց՝ սեփական խորհրդարաններում այս հարցն առաջ մղել: Անշուշտ, բացառիկ էր ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված պատարագը, որն իր հզորությամբ ու դատապարտման ուղերձով սթափեցնող եղավ շատ-շատերի համար: Եվ ես խորապես համոզված եմ, որ այդ միջոցառումը միայն Հայոց ցեղասպանության ճանաչում չէր, այլ հայ ժողովրդի վաստակի գնահատումն էր, հայ ժողովրդի՝ համաշխարհային քաղաքակրթության մեջ ներդրում ունենալու փաստի գիտակցումը: Իհարկե, մեզ համար նաև շատ կարևոր է, որ այս շարքը լրացվելու է Վաշինգտոնի Մայր տաճարում կայանալիք միջկրոնական աղոթքով, ինչպես նաև ապագայում նախատեսված այլ միջոցառումներով:
Անցնող ապրիլը նշանավորվեց ևս երկու աննախադեպ միջոցառումներով՝ աննախադեպ իրադարձությամբ. Հայաստանում մեկնարկեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովը, որին մասնակցեցին աշխարհի ամենատարբեր անկյուններից Հայաստան ժամանած 600-ից ավելի գիտնական, հասարակական գործիչ, լրագրող, խորհրդարանական և, իհարկե, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քույր եկեղեցիների առաջնորդների, հյուրերի և աշխարհասփյուռ հայորդիների մասնակցությամբ սրբադասվեցին մեր նահատակները: Նրանք այլևս նահատակներ չեն, այլ սրբեր, ովքեր միշտ աջակից են լինելու մեր պայքարին: Մեր 100-ամյա պայքարի ճանապարհին մենք մշտապես զգացել ենք ԱՄՆ-ի աջակցությունը, և այսօր էլ ձեր երկարամյա ու հետևողական ջանքերի շնորհիվ ԱՄՆ-ը Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման կենտրոններից մեկն է: ԱՄՆ 44 նահանգներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Միացյալ Նահանգների ամբողջ տարածքով կանգնած են մեր անմեղ զոհերի հիշատակը վառ պահող բազմաթիվ հուշարձաններ:
Մենք, անշուշտ, շարունակելու ենք Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ համախմբված գործունեությունը, և ես վստահ եմ, որ արդեն տեսանելի է այն օրը, երբ հասնելու ենք մեր նպատակին:
Անկասկած, իրավացի էր մեծ հումանիստ Անատոլ Ֆրանսը, երբ ասում էր որ Հայաստանը վերջին շունչն է փչում, բայց կվերածնվի: Այն մի փոքր արյունը, որ դեռ մնում է, ինչպես նա էր ասում, շատ թանկագին է, ու դրանից մի հերոսական սերունդ է ծնվելու: Այն ժողովուրդը, որ չի ուզում մեռնել, երբեք չի մեռնի: Ու ծնվեց այդ հերոսական սերունդը, այն սերունդը, որ անկախություն կերտեց, այն սերունդը, որ ազատագրեց Լեռնային Ղարաբաղը և այն սերունդը, որ այսօր լծվել է Հայաստանի շենացման գործին:
Անշուշտ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը շարունակում է լինել մեր ամենաառաջնային հարցերից մեկը: Հայաստանի դիրքորոշումը եղել և մնում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա խնդրի խաղաղ կարգավորումը՝ համահունչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահող երկրների դիրքորոշմանը:
Ես շատ ուրախ եմ, որ Արցախի պետականաշինության գործին արդեն սատարել են ԱՄՆ հինգ նահանգներ, և սա ամբողջովին ձեր աշխատանքի արդյունքն է: Շնորհակալ եմ ձեզ դրա համար:
Անկախ որևէ հանգամանքից՝ վստահ եմ, որ մեր համակարգված աշխատանքի շնորհիվ մենք կկարողանանք Արցախը դարձնել միջազգային իրավունքի և հարաբերությունների լիարժեք սուբյեկտ: Այն արդեն կայացած պետություն է՝ իր ինստիտուտներով, ժողովրդավարական ընտրությունների փորձով, և դա անդառնալի գործընթաց է:
Մեր հաջորդ նպատակն է՝ Հայաստանը տնտեսապես կայուն, զարգացող, դիվերսիֆիկացված ու ներդրումների համար գրավիչ երկիր դարձնելը: Այստեղ մենք որոշակի հաջողություններ ունենք գործարար և ներդրումային միջավայրի բարելավման, բաց երկնքի քաղաքականության, ազատ տնտեսական գոտիների ստեղծման, ինչպես նաև գիտելիքահենք տնտեսության խրախուսման շնորհիվ:
Հայաստանում տարեցտարի մեծանում է նաև ամերիկյան գործարարության ներկայությունը, և այժմ մեր երկրում գործում են ամերիկյան կապիտալով 400-ից ավելի ընկերություններ, իսկ այս տարի՝ կարծում եմ հաշված օրերի ընթացքում, հայկական շուկայում կսկսի գործել ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը՝ իր 250 մլն ԱՄՆ դոլարի հասնող ներդրումային կապիտալով, որը Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում ամենախոշոր ամերիկյան ներդրումն է:
Եվ պատահական չէ, որ քիչ առաջ մենք ստորագրեցինք Հայաստանի և ԱՄՆ-ի միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը (TIFA), որն արձանագրում է Հայաստանի տնտեսության, ինչպես նաև հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ոլորտում մեր հաջողությունները և փոխգործակցության նոր դռներ է բացում: Սա նշանակում է, որ երկու երկրների գործարարների միջև համագործակցությունը պետականորեն խրախուսվում է:
Եվ հորդորում եմ բոլոր հայերին, որպեսզի շարունակեն ակտիվորեն ներգրավվել Հայաստանի Հանրապետության պետականաշինության գործին: Նախկինում մեր խնդիրն էր՝ բարեգործությունից անցնել փոխադարձ շահութաբեր գործընկերության: Այսօր արդեն մեր խնդիրն է՝ ընդլայնել այդ գործընկերությունը, հատկապես, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը նոր հնարավորություններ է բացում այսպիսի գործունեության համար: Մենք ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի հետ ունենք «Արտոնությունների ընդհանրացված համակարգից» (GSP) օգտվելու հնարավորություն, իսկ Եվրամիության հետ օգտվում ենք «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգից» (GSP+), սա նշանակում է, որ հայ գործարարների համար նոր շուկաներ են բացվել:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Օրեր առաջ, ապրիլի 23-ի ուշ երեկոյան, Երևանի սրտում՝ կենտրոնում, հորդ անձրևի տակ, տասնյակ հազարավոր վեր պարզած ձեռքերի ծովի վրայով աշխարհահռչակ «Սիսթեմ օֆ ը Դաուն» խմբի տպավորիչ կատարմամբ բարձր հնչեց մեր հարատևության կոչը. «Սերունդնե՛ր, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից»:
Այո՛, հենց Սարդարապատում արնաքամ լինող հայը, ի հեճուկս ճակատագրի, ազդարարեց, որ պատրաստ է հայ մնալու մինչև իր վերջին կաթիլ արյունը։ Եվ հենց Սարդարապատում հայոց ռազմիկի, շինականի ու հոգևորականի միասնական սխրագործությունը փշրեց մահաբեր զորքի ողնաշարը։ Իսկ այսօր Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի մաս կազմող Սարդարապատում, որտեղ ապրում են Վանից ու Մուշից, Իգդիրից ու Ամասիայից տարագրված հայերի սերունդները, վեր է խոյանում հայի արյան ծարավ ուժը խորտակող հայոց հաղթանակի արծիվը։
Սա հիշում ենք մենք, հիշում է Սարդարապատը։ Հիշում է աշխարհն ու հիշում է ժամանակը։ Եվ այդ նույն ժամանակը վկայում է՝ մեր ուղիները Դեր Զորից բոլորիս բերում են Արմավիր։
Սա է այդ նույն ժամանակի պատգամը մեզ ու մեր զավակներին, մեր բարեկամներին ու մեզ թշնամի համարողներին. Հայոց խաչելության ապրիլին միշտ հաջորդում է Հայոց հաղթանակների Մայիսը։
Մեր հպարտության ու մեր հարատևության Մայիսը, մեր միասնության Մայիսը։
Եվ կեցցե՛ն այն հայորդիները, ովքեր մեր միասնության ջրաղացին ջուր են լցնում:
Եվ կեցցե՛ն նրանք, ովքեր անկախ իրենց զբաղեցրած դիրքից, հնարավորություններից, կարողությունից, միշտ միջոց և ձև են գտնում՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության զարգացմանը և հայությանը հուզող հարցերի լուծմանը: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցել են մեր ժողովրդի պատիվն ու հեղինակությունը ընդգծող բոլոր այս միջոցառումներին:
Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք և վստահ եմ, որ այսօր բոլորդ մտածում եք մեր միասնականության ուժի մասին:
Այժմ ես հաճույքով կլսեմ ձեր կարծիքները, թե մենք ինչպես կարող ենք վերստին օգտագործել մեր միասնականության հնարավորությունները՝ մեր ազգային խնդիրներն առաջ տանելու համար և պատրաստ եմ պատասխանելու ցանկացած հարցի:
Շնորհակալություն: