Լուրեր
ՀՀ վարչապետը կառավարության նիստում անդրադարձել է հանրությանը հուզող հարցերի
07.05.2015
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը, վարչապետն անդրադարձել է երկու կարևոր հարցի: Առաջինը մի քանի օր առաջ կառավարությունում տեղի ունեցած ԾԻԳ-երի 2015թ. առաջին եռամսյակի գործունեության հաշվետվությունների քննարկումն էր: «Տարիներ շարունակ ԾԻԳ-երի միջոցով երկրում միլիարդների հասնող ներդրումներ են իրականացվել, սակայն, որպես կանոն, ավելի շատ խոսվում է կոռուպցիոն սկանդալների, չարաշահումների, քան իրականացված աշխատանքների մասին: Վերջին հանդիպման ժամանակ ես խստագույնս զգուշացրել եմ ԾԻԳ-երի ղեկավարներին՝ զերծ մնալու կոռուպցիոն ցանկացած դրսևորումից: Հակառակ դեպքում ոչ միայն կազատվենք նման պաշտոնյաներից , այլև անձամբ հետամուտ կլինեմ՝ օրենքի ամբողջ խստությամբ վերջիններիս պատասխանատվության ենթարկելու հարցում: Այս գործընթացներում հրապարակայնության ապահովումն անհրաժեշտություն է, ի վերջո քաղաքացին, հասարակությունը պետք է իմանան, թե որտեղ և ինչպես են ծախսվում ներգրավվող ֆինանսական միջոցները», - մասնավորապես ասել է կառավարության ղեկավարը:
Հաջորդ հարցը, որին անդրադարձել է վարչապետը, Սիրիայի իրավիճակն է. «Ցանկանում եմ խոսել մեր բարեկամ երկիր Սիրիայի մասին, որտեղ իրավիճակը շարունակում է անկայուն մնալ, պատերազմը շարունակվում է, ինչը մեծ զոհերի ու ավերածությունների է հանգեցնում: Ցավոք, քիչ չեն նաև զոհերը խաղաղ բնակչության շրջանում: Այս ընթացքում Հայաստանը փորձել է օժանդակել այն սիրիահայերին, ովքեր պատերազմի հետևանքով լքել են իրենց տներն ու անվտանգության նկատառումներից ելնելով եկել են Հայաստան: Օրեր առաջ լրատվամիջոցների օգնությամբ արձագանքել էի Հալեպի Սուլեյմանիե թաղամասում իրականացված հրթիռակոծությանը, որի հետևանքով, ցավոք, հայեր էին տուժել: Այդ ժամանակ ահազանգ էր հնչել երեխաներին ու դպրոցականներին պատերազմական գոտուց դուրս բերելու մասին, ինչին ի պատասխան ես նշել էի, որ իշխանությունները, կառավարությունը պատրաստ են պատշաճ ձևով ընդունել ու անհրաժեշտ պայմաններ ստեղծել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների և դպրոցականների համար»,- շեշտել է Հովիկ Աբրահամյանը և հանձնարարել, որպեսզի կառավարության հաջորդ նիստում պատկան մարմինները հանգամանալից տեղեկություն տան իրավիճակի մասին:
Կիրականացվեն մեծածավալ ներդրումներ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրենքի նախագծին: Օրենքի ընդունման արդյունքում և դրա հիման վրա նախատեսվում է իրականացնել ներդրումային ծրագիրը, որը ենթադրում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերի վերամշակում: Միայն ԶՊՄԿ-ի պոչամբարներում եղած մոտ 300 մլն տոննային տարեկան ավելանում է ևս 18-20 մլն տոննա, ինչը բնապահպանական մեծագույն խնդիր է: «Ալյոտիգ» ՍՊԸ-ն հանդիսանում է օրենքի իմաստով ծրագիր իրականացնող, որը մտադիր է կառուցել տարեկան 12.5 մլն տոննա արտադրողականությամբ ֆաբրիկա՝ վերամշակելու համար ներկայումս չօգտագործվող այդ լցակույտերը: Նախատեսվում է նաև կառուցել կոմպոզիտային նյութերի գործարան, որը նույնպես որպես հումք օգտագործելու է պոչամբարի խյուսը: Առաջին փուլում ներդրվելու է մոտ 240 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Երկրորդ փուլն ընդգրկելու է 2019-2025թթ., երբ գործարանի հզորությունը հասցվելու է տարեկան մինչև 25 մլն տոննայի վերամշակման: Արդեն առաջին փուլում բացվելու է մոտ 1000 մշտական և 500 ժամանակավոր աշխատատեղ, լուծվելու են տնտեսական և բնապահպանական մի շարք հարցեր: Կարևորելով ներդրումային ծրագիրը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը ճշտել է աշխատանքի հնարավոր սկիզբը, որը կարող է լինել առաջիկա մեկ տարվա ընթացքում:
Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Կառավարությունը խրախուսում է արտադրանքի արտահանումը
ՀՀ կառավարությունը երեք տարով հետաձգել է «Ռոյալ Սթոնվեյր» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը: Ընկերությունը նախատեսում է կառուցել խեցեգործական բարձրորակ իրերի՝ սպասքի գործարան՝ այն հագեցնելով տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով, կատարել շուրջ 1.09 մլրդ դրամի ներդրում: Իտալական սարքավորումներով տարեկան կարտադրվի շուրջ 0.3 մլրդ դրամի ապրանք (2015թ.), որի զգալի մասը կարտահանվի Եվրամիության և ԱՊՀ երկրներ, ԱՄՆ և այլուր: Ներդրումային ծրագրի իրագործմամբ կստեղծվի մոտ 80 աշխատատեղ:
Իր նախկին որոշումներից մեկի լրացմամբ կառավարությունը սահմանել է, որ վտանգավոր բեռ տեղափոխող բեռնատար և հատուկ գնացքները պետք է կահավորվեն շարժական օբյեկտների մոնիթորինգային սարքավորումներով, որոնք միացվելու են ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի (911 ծառայության) հետ: Դրանով կապահովվի վտանգավոր բեռ տեղափոխող երկաթուղային տրանսպորտի հնարավոր վթարի մասին տեղեկության օպերատիվ փոխանցումը, էականորեն կկրճատվի վթարի արձագանքման ժամկետը և, իբրև հետևանք, կնվազի մարդկային և նյութական կորուստը:
Կառավարության որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին որպես դրամաշնորհ հատկացվել է 23 մլն դրամ, որը հնարավորություն կտա վերականգնել և շահագործել Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի երկու հորատանցքերը և բավարարել սպառողների ջրի պահանջարկը:
Իրականացվում են բարեգործական մարդասիրական օգնության ծրագրեր
ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2014թ. բարեգործական ծրագրերի կատարման հաղորդումը: 2014թ. ընթացքում երկրում այդպիսի ծրագրեր է իրականացրել միջազգային և հանրապետական 143 կազմակերպություն: Մեծածավալ ծրագրեր են իրականացնում «Տաթևի վերածնունդ» հիմնադրամը՝ 5.56 մլրդ դրամ, «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը՝ 4.29 մլրդ դրամ, «Այբ» կրթական հիմնադրամը՝ 2.09 մլրդ դրամ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ 1.89 մլրդ դրամ: 2014թ. ընթացքում հաստատված 244 երկարաժամկետ ծրագրերից 112-ը վերաբերում է շինարարությանը: Մասնավորապես, վերակառուցվել և նորոգվել են 68 ջրագիծ, 30 դպրոց, 18 մանկապարտեզ և 7 բուժհաստատություն:
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2013թ. հուլիսի 19-ին ստորագրված «Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագիր» փոխառության համաձայնագրով նախատեսված է վերակառուցել ջրամատակարարման ցանցը, ճնշման պոմպերը և բնակարաններում առանձին միացումները փոխարինելու միջոցով բարելավել մայրաքաղաքի ջրամատակարարումը: Հաշվի առնելով, որ համաձայնագրով ծրագրի իրականացման գրասենյակի պահպանման ծախսի ֆինանսավորում նախատեսված չէ, ՀՀ կառավարությունը որոշել է կառավարության անունից ծրագրով նախատեսված աշխատանքի պատվիրատուի գործառույթը պատվիրակել «Երևանջուր» ՓԲԸ-ին:
Կատարելագործվում է առևտրային արբիտրաժի ինստիտուտը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքում և ևս յոթ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: Խնդիր է դրված վեճերի արտադատական կարգով լուծման ինստիտուտներից կատարելագործել առևտրային արբիտրաժի ինստիտուտը: Միջազգային փորձը վկայում է, որ ոչ միայն առևտրային, այլև մյուս իրավահարաբերությունների հետ կապված վեճերն աստիճանաբար ուղղվում են վեճերի լուծման արտադատական մարմիններ, ինչպիսիք են արբիտրաժը, հաշտարարը և ֆինանսական համակարգի հաշտարարը:
Նիստի հավանությանն է արժանացել «Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դատավորի վարքագծի կանոնների սահմանումը վերապահել դատավորների ընդհանուր ժողովի իրավասությանը:
Գործադիրը հավանություն է տվել «Թանգարանների և ՀՀ թանգարանային ֆոնդի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության և անվտանգության համակարգված գործունեությունը, կկարգավորվեն թանգարանների ստեղծման, գործունեության, գործունեության դադարեցման, ՀՀ թանգարանային ֆոնդի ձևավորման, համալրման, հաշվառման և պահպանության հետ կապված հարաբերությունները:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունումը թելադրված է օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների լուծման, աշխատաշուկայում անմրցունակ անձանց իրավունքների շրջանակն առավել հստակեցնելու անհրաժեշտությամբ:
Նիստի հավանությունն է ստացել «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է պարզեցնել Հայաստանում հանրահայտ ճանաչված ապրանքային նշան ունեցող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի և ժամացույցների ներմուծման ընթացակարգերը:
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է վերականգնել ՀՀ վաստակավոր շինարարի պատվավոր կոչումը:
Քննարկվել է նաև ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Կառավարությունն իր հերթին արել է մի շարք առաջարկություններ, որոնք քննարկվել են նախաձեռնության հեղինակների հետ և դրական արձագանք ստացել, ուստի կառավարության եզրակացությունը ևս դրական է:
Գործադիրը քննարկել է «Բազմազավակ ընտանիքների արտոնությունների մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը: Նրա կարծիքով` արտոնությունների սահմանումը միտված է բազմազավակ ընտանիքների համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Ողջունելով նախաձեռնությունը, կառավարությունը միաժամանակ հայտնել է մի շարք նկատառումներ և հանգել այն եզրակացության, որ օրենքի նախագիծը լրացուցիչ քննարկման և լրամշակման կարիք ունի:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Այլ հարցեր
Նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կարևորելով մայիսի 22-ին նշանակված վերջին զանգի արարողությունը, կառավարության անդամներին հանձնարարել է այդ օրն այցելել կրթօջախներ և շրջանավարտներին շնորհավորել այդ իրադարձության առթիվ:
Նիստում հայտարարվել է, որ մայիսի 18-ին նշվող թանգարանների միջազգային օրվա նախօրյակին՝ մայիսի 16-ին, Հայաստանի թանգարանները մասնակցելու են «թանգարանային գիշեր» միջոցառմանը և աշխատելու են մինչև լույս: Այցելուների մուտքն անվճար է լինելու:
Այնուհետև վարչապետը հայտարարել է, որ կառավարության պատվիրակությունն իր գլխավորությամբ մեկնելու է ԼՂՀ՝ մասնակցելու մայիսի 8-9-ին տեղի ունեցող տոնական միջոցառումներին: Երևանում մնացած նախարարները պարտադիր մասնակցելու են մայրաքաղաքում անցկացվելիք տոնական հանդիսությանը:
Կառավարության ղեկավարը նաև հանձնարարել է ավելի խստապահանջ լինել Ազգային ժողովում օրենքի նախագծերը ներկայացնելու նկատմամբ և ավելի հիմնավոր ու բազմակողմանի պարզաբանում տալ պատգամավորներին: Այս գործում վարչապետը կարևորել է նախարարությունների և գերատեսչությունների մամուլի ծառայության ղեկավարների պատասխանատվությունը՝ նրանց աշխատանքի համակարգումը վերապահելով Տեղեկատվության և վերլուծության կենտրոնի տնօրենին:
Հատկապես արտահերթ նստաշրջանների ժամանակ նախագծերը ժամանակին է պետք ուղարկել ԱԺ, որպեսզի պատգամավորները խորամուխ լինեն խնդրի էությանը, ինչի շնորհիվ կբարձրանա օրինագծերի քննարկման որակը:
Վերջում Հովիկ Աբրահամյանն ասել է. «Քանի որ մոտենում է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը՝ 70-ամյակը, ես ցանկանում եմ կառավարության անունից շնորհավորել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, ցանկանալ հաջողություններ, առողջություն: Մենք շատ բարձր ենք գնահատում նրանց ծառայությունը, և եթե հիշում եք, վերջերս կառավարությունը կրկնապատկեց վետերանների Պատվո վճարները: Մենք այսօր պաշտպանության նախարարի հետ ընդունելու ենք իրենց, հանձնելու ենք պարգևներ, և ուզում եմ, որ բոլորս առիթը բաց չթողնենք՝ մեծարելու վետերաններին և ընդգծելու նրանց մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին և հաղթանակի գործում ներդրած ավանդը»: