Լուրեր
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՄՆ ՍԵՆԱՏՈՐՆԵՐԻ ՀԵՏ
06.05.2015
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միտչ Մըքոնելի և դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Հարրի Ռիդի հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Սենատի հանրապետական և դեմոկրատ մի շարք այլ անդամներ:
Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան միջխորհրդարանական փոխգործակցությանն ու երկկողմ բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանը և խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել՝ այդ հարաբերություններում ԱՄՆ Կոնգրեսի ուրույն դերակատարությանը:
Հանրապետության Նախագահի խոսքով, նաև սենատորներ Միտչ Մըքոնելի և Հարրի Ռիդի ակտիվ ջանքերի շնորհիվ այդ հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել զրուցակիցներին՝ տարիներ շարունակ Հայաստանի և հայ ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում առանձնահատուկ վերաբերմունք և հոգածություն ցուցաբերելու համար:
Հանդիպմանը մասնակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի Հանրապետության անկախության ճանաչումից ի վեր հայ-ամերիկյան հարաբերություններն ընդգրկել են համագործակցության լայն շրջանակ: Հայաստանը և ԱՄՆ ամուր գործընկերային հարաբերություններ ունեն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթություններում:
Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը տարիներ շարունակ ցուցաբերվող ԱՄՆ աջակցությունը՝ միտված ՀՀ պետականության ամրապնդմանը:
Նախագահը բարձր է գնահատել նաև ԱՄՆ դերակատարումը տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման գործում, այդ թվում ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, ակտիվ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, դրա շրջանակներում Հայաստանում և աշխարհի բազմաթիվ երկրներում անցկացվող հիշատակի և ոգեկոչման միջոցառումներին, այդ թվում՝ ՀՀ Նախագահի այցի շրջանակներում Վաշինգտոնի ազգային տաճարում կայանալիք Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին:
ՀՀ Նախագահը և ԱՄՆ սենատորները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների և մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: Ներկա բոլոր սենատորներն իրենց խոսքում կարևորել են Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը:
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի շրջափակման պայմաններում երկրին անհրաժեշտ տրանսպորտային և էներգետիկ այլընտրանքային հնարավորությունների ստեղծմանը վերաբերող հարցեր: