Լուրեր
ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ Է ՄԱՏՈՒՑԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
24.04.2015
ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, Հայաստան ժամանած բազմաթիվ բարձրաստիճան պատվիրակությունների և պետությունների ղեկավարների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, մասնակցել Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը: Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:
***
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Ծիծեռնակաբերդում
Մեծարգո՛ Նախագահներ,
Պետությունների և միջազգային կազմակերպությունների հարգարժա՛ն ներկայացուցիչներ,
Վեհափա՛ռ Տեր,
Գերաշնորհ սրբազան հայրեր,
Հարգարժա՛ն հյուրեր,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մենք Ծիծեռնակաբերդի բարձունքում ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հարյուր տարի առաջ այս օրը՝ ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում և կայսրության այլ քաղաքներում հայ մտավորականների զանգվածային ձերբակալություններով սկսվեց լայնորեն իրականացվել 20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկը: Դրան նախորդել էին հայ զինվորականների զինաթափումն ու կոտորածը: Այն, ինչ կատարվեց 1915 թվականին և շարունակվեց հաջորդ տարիներին, աննախադեպ էր իր ծավալներով և հետևանքներով:
Հայ ժողովրդի արևմտյան հատվածը, որ հազարամյակներով ապրել էր իր տանը, իր բնօրրանում, իր հայրենիքում, տեղահանվեց և բնաջնջվեց համաձայն պետականորեն մշակված ծրագրի՝ բանակի, ոստիկանության, այլ պետական կառույցների և հատուկ այդ նպատակով բանտերից ազատ արձակված հանցագործներից կազմված հրոսակախմբերի անմիջական մասնակցությամբ:
Մարդկային լեզուն անզոր է փոխանցելու այն, ինչ ապրեց մի ողջ ժողովուրդ: Սոսկ հայ լինելու պատճառով շուրջ մեկուկես միլիոն մարդ սպանվեց՝ հավերժական լռության մեջ թաքցնելով մարդկային ցեղի աներևակայելի վայրագությունները: Մի մասն էլ վերապրեց՝ սեփական կյանքի օրինակով սերնդեսերունդ փոխանցելով պատմության պատգամը:
Երեկ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին սրբադասեց Հայոց ցեղասպանության նահատակներին. նրանք այլևս զոհեր չեն, այլ իրենց հեղված արյամբ մահվան և չարիքի հանդեպ հաղթանակ տարած սրբեր և արդարության կոչ անող երկնային զինվորներ:
Հարգելի՛ ներկաներ,
Ցավոք, ապրիլ ամիսն իր սև հետքը թողեց ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության պատմության մեջ: Այդ ամիսն է համարվում նաև Հոլոքոստի, Ռուանդայում և Կամբոջայում իրագործված ցեղասպանությունների սկիզբը: Եվ այսօր, նույն ապրիլ ամսին, մենք Ծիծեռնակաբերդում ենք՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում՝ բարձրաձայնելու. «Թո՛ղ այսուհետ աշխարհի որևէ ծայրում հուշահամալիր կանգնեցնելու կարիք չլինի՝ հիշատակելու պատմության նոր ամոթալի էջեր, թո՛ղ նոր «ծիծեռնակաբերդեր», «յադ վաշեմներ», «մահվան հովիտներ» և «գիզոզիներ» չլինեն»:
Եվ այս պահի ուղերձը, բարձրանալով երկինք և միախառնվելով օրերս Սուրբ Աթոռում մատուցված խորախորհուրդ պատարագի ելևէջներին, աշխարհի բոլոր կողմերում սփռված քույր եկեղեցիների միասնական ղողանջներին, թո՛ղ ցրի հարյուրամյա ժխտողականության խավարն ու վերջ դնի նույնիսկ մեր օրերում՝ 21-րդ դարում, ցեղասպանության սարսափներն ապրող մարդկանց տանջանքներին: Սա՛ է մեզ հասած պատգամը, որ մենք պարտավոր ենք փոխանցել հաջորդ սերունդներին:
Հիշողության և պատասխանատվության վրա խարսխված մեր քաղաքականության նպատակը մարդկության դեմ հետագա հանցագործությունների կանխարգելման արդյունավետ մեխանիզմների ձևավորումն է: Եվ ինչպես իրավացիորեն նշեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը. «Չարիքի քողարկումը կամ դրա մերժումը նման է նրան, որ թույլ տանք վերքն առանց վիրակապելու շարունակի արյունահոսել»: Վերքն արյունահոսում է, որովհետև աշխարհում շատ են չեզոքությունը, լռությունը, ժխտողականությունը և պակաս՝ մարդկայնությունը:
Բայց չէ՞ որ դարեր շարունակ հենց մարդասիրությունն ու մարդկայնությունն են եղել մարդու իրավունքների միջազգային կառուցակարգերի ձևավորման շարժիչ ուժը: Հենց բարոյական մղումներով և համամարդկային արժեքներով տոգորված Անրի Դյունանը հիմք դրեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ստեղծմանը: Հենց բարոյական արժեքներով և Հայոց ցեղասպանության սարսափազդու իրողությունից դրդված Ռաֆայել Լեմկինը ստեղծեց «ցեղասպանություն» եզրույթը, որը, ցավոք, հետագայում բազմիցս պիտի կիրառվեր: Ուշագրավ է, որ երբ Լեմկինին հարցնում էին, թե ինչ է ցեղասպանությունը, նա պատասխանում էր՝ դա այն է, ինչ պատահեց հայերի հետ:
Այո՛, այսօր էլ քիչ չեն համամարդկային արժեքների ժխտման և պատմության խեղաթյուրման դեպքերը, որոնք նպաստում են նմանատիպ հանցագործությունների կրկնությանը. Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին բոլորս ենք ականատես:
Մենք պարտավոր ենք լուծումներ գտնել նախքան մարդկությունը մեկ անգամ ևս կդավաճանի իր տված «այլևս երբեք» խոստմանը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կարծես թե դարձավ նման հանցագործությունների դեմ միջազգային պայքարի մի նոր հանգրվան. միայն վերջին շրջանում աշխարհի տարբեր երկրներ և միջազգային կառույցներ ճանաչեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որոշները վերահաստատեցին այն, որոշ երկրներ էլ՝ քրեականացրին այն մերժելու, ժխտելու փորձերը մեկ համոզմունքով՝ դա է համաշխարհային պատմության մութ էջերը լուսավորելու և նման էջեր այլևս չգրելու միակ ուղին:
Հարգարժա՛ն հյուրեր,
Տեղահանության և աքսորի տառապանքներից հետո Սիրիայի Դեր Զորի անապատում վախճանվեցին հարյուր հազարավոր հայեր: Դեր Զորում հուշարձան ու եկեղեցի էր կառուցված, որտեղ ամփոփված էին մեր նահատակների մասունքները: Մի քանի տարի առաջ այդ եկեղեցու բակում ես արտասանել եմ հետևյալ խոսքերը. «Մենք ծրագրում ենք ապրել ու շատանալ: Մեզ այլևս անհնար է վախեցնել կամ շանտաժի ենթարկել, որովհետև մենք տեսել ենք ամենասարսափելին: Մենք ապրելու և արարելու ենք կրկնապատիկ ուժով՝ և՛ մեր, և՛ մեր անմեղ զոհերի փոխարեն: Մենք նայում ենք առաջ, որովհետև դեռ շատ բան ունենք ասելու և տալու միմյանց, շատ բան ունենք ասելու և տալու աշխարհին»: Դեր Զորի եկեղեցու բակում, երբ հնչում էին այս բառերը, ես այսօրվա պես նայում էի առաջ: Անցյալ տարի այդ նույն եկեղեցին հուշարձանի հետ միասին ուղղակի պայթեցվեց: Մեր զոհերի մասունքներն ու ոսկորներն անգամ մինչև այսօր ոմանց հանգիստ չեն տալիս:
Սա՛ է այսօրվա իրականությունը: Նաև այստե՛ղ է խնդրի արդիականությունը:
Մարդկության հիշողությունը պատմության յուրահատուկ մաղն է, ուստի համամարդկային պատմությունն առանձնահատուկ երախտագիտությամբ է մշտապես հիշում և հիշատակում այն բոլոր մարդկանց, երկրներին և միջազգային կազմակերպություններին, որոնք, օգնության հասնելով ամենածանր պահին, փրկեցին ոչ թե միլիոնավոր մարդկանց ֆիզիկական գոյությունը միայն, այլև մարդկության հանդեպ մարդու սպանված հավատը։
Այսօր էլ Հայոց ցեղասպանությունը մերժող դաժան, բայց նահանջող մեքենային ողջ աշխարհում դիմակայում են խիղճն ու ազնվությունը։ Հենց խիղճն ու ազնվությունն են մերժողականության հականիշը։ Ցեղասպանության ճանաչումը աշխարհի տուրքը չէ հայ ժողովրդին ու նրա զոհերին։ Ցեղասպանության ճանաչումը մարդկային խղճի և արդարության հաղթանակն է անհանդուրժողականության ու ատելության հանդեպ։
Ուստի համայն հայության անունից շնորհակալ եմ Ձեզ, Նախագա՛հ Անաստասիադես, Նախագա՛հ Նիկոլիչ, Նախագա՛հ Օլանդ, Նախագա՛հ Պուտին, շնորհակալ եմ միջազգային ողջ հանրությանը` ի դեմս այստեղ ներկայացված պետությունների և միջազգային կազմակերպությունների, բոլոր նրանց, ովքեր մեր կողքին են, բոլոր նրանց, ովքեր կուզենային մեր կողքին լինել: Մենք շնորհակալ ենք աշխարհի երկրների քաղաքացիական հասարակություններին և միջազգային մամուլի ներկայացուցիչներին, որոնք բարձրաձայնել ու բարձրաձայնում են Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը: Շնորհակալ ենք այս տարի աշխարհով մեկ անցնող միջոցառումների ընթացքում հայ ժողովրդի կողքին կանգնած՝ բարի կամքի տեր բոլոր մարդկանց: Շնորհակալ ենք այսօր Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հավաքվածներին. նրանք ուժեղ մարդիկ են և ճիշտ գործ են անում իրենց հայրենիքի համար:
Հայ ժողովուրդը այսուհետ ևս մշտապես կանգնելու է նրանց կողքին, ովքեր տառապել են մարդկության դեմ գործած հանցագործություններից: Ցեղասպանությունների դեմ միջազգային անզիջում պայքարը մեր արտաքին քաղաքականության անբաժանելի մասն է լինելու:
Շնորհակալ եմ բոլորիդ, որ այստեղ եք՝ վերահաստատելու ձեր հանձնառությունը համամարդկային արժեքներին, ասելու, որ ոչինչ չի մոռացվել, ասելու, որ հարյուր տարի հետո էլ հիշում ենք և պահանջում: