Լուրեր

Գալուստ Սահակյանը հանդիպումներ է ունեցել գլոբալ ֆորումի շրջանակում

23.04.2015

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 23-ին, շարունակելով մասնակցությունը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի աշխատանքներին, ընդունել է ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Չիլիի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ տիկին Դենիսե Պասկալ Ալենդեի գլխավորած պատվիրակությանը: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին, իր երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառումներին Չիլիի խորհրդարանի պատվիրակության մասնակցության համար: Հյուրերի հետ զրույցում Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում կարեւորել է գլոբալ ֆորումի անցկացումը: Նա մասնավորապես նշել է, որ ֆորումին մասնակցող պատվիրակությունները եւս մեկ անգամ աշխարհին ցույց տվեցին, որ Հայոց ցեղասպանության նկատմամբ Թուրքիայի ժխտողականությունը դատապարտված է անհաջողության: ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է այն միտքը, որ ցեղասպանությունների եւ այլ ոճրագործությունների կանխարգելման հիմնական միջոցը դրանց ճանաչումն ու դատապարտումն է: Նա նշել է նաեւ, որ այս օրերին Հայաստանն ու Հայոց ցեղասպանությունն առավել ճանաչելի դարձան աշխարհին. դրա վառ վկայությունը Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված միջազգային արձագանքներն են:

Գալուստ Սահակյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, այն է՝ Հայաստանի պայքարն այնքան է շարունակվելու, որքան անհրաժեշտ կլինի Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման համար:

Չիլիի խորհրդարանի փոխնախագահը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, կարեւորել է Չիլիի խորհրդարանի պատվիրակության այցը Հայաստան եւ մասնակցությունը ոգեկոչման արարողություններին: Փոխնախագահի խոսքով՝ Չիլիի բնակչությունը գիտակցում է, որ աշխարհում ցեղասպանություններ չպետք է լինեն:

Նա նշել է, որ Հայաստանում իրականացվող այս միջոցառումները չափազանց կարեւոր են աշխարհի համար. Հայաստանը բարձրաձայնում է, որ այլեւս չի կարելի ժխտելով ապրել: Չիլիի խորհրդարանի փոխնախագահը հանդիպման ընթացքում խոսել է նաեւ երկկողմ հարաբերությունների մասին եւ նշել, որ երկու երկրների միջեւ խորհրդարանական համագործակցությունը պետք է առավել ակտիվացնել:

Դենիսե Ալենդեն կարեւորել է խորհրդարանականների համագործակցությունը, որի արդյունքում աշխարհում կտիրի խաղաղություն, եւ 100 տարի առաջ կատարված հանցագործությունները չեն կրկնվի:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է նաեւ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության պատվիրակությանը: 

← Վերադառնալ ցուցակին