Լուրեր

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՍՐԲՈՑ ՆԱՀԱՏԱԿԱՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՀՈՂՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

22.04.2015

 
ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում` պանթեոնի հարևանությամբ կառուցվելիք Սրբոց Նահատակաց եկեղեցու հողօրհնության արարողությանը, որն իրականացրել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Եկեղեցու կառուցման բարերարն է ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանը, նախագծի հեղինակը՝ ճարտարապետ Արտակ Ղուլյանը:

Սրբոց Նահատակաց եկեղեցու կառուցման ծրագրի մասին Հանրապետության Նախագահը խոսել է դեռևս 2012 թվականին՝ Կոմիտասի անվան զբոսայգում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի շենքային համալիրի նախագծի հանրային ներկայացման արարողության ժամանակ: «Կարծում եմ, որ Կոմիտասի և մեր բոլոր նահատակների հիշատակը հավերժացնելու ճանապարհներից մեկը կարող է լինել Երևանի կենտրոնական հատվածում Սրբոց Նահատակաց եկեղեցի կառուցելը: Նման եկեղեցի կառուցելու փափագը արտահայտել են բազմաթիվ աշխարհիկ և հոգևոր գործիչներ:

Սրբոց Նահատակաց եկեղեցին մարմնավորելու է բոլոր ժամանակների մեր անմեղ զոհերի, մեր բոլոր նահատակների հիշատակը և լինելու է մեր չմարող հիշողության առհավատչյան»,-ասել էր Նախագահ Սերժ Սարգսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին