Լուրեր

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՄԱՆԸ

21.04.2015

 ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության թանգարանի նոր մշտական ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը:

Հանրապետության Նախագահը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, թանգարանային հանձնախմբի անդամների և բարերարների հետ շրջայց է կատարել թանգարան-ինստիտուտում, ծանոթացել նոր ցուցադրության նյութերին, թանգարանում դրանց պատշաճ ներկայացման համար ստեղծված ժամանակակից պայմաններին: Շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում: «Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրությունը, որ նվիրված է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին, իսկապես տպավորիչ է թե՛ նյութի ընդգրկման, թե՛ մատուցման տեսանկյունից: Ծավալուն և արդյունավետ աշխատանք է կատարված:

Թվում է, թե մենք՝ հայերս, Հայոց ցեղասպանության մասին գիտենք գրեթե ամեն ինչ, բայց նման ցուցադրությունները վեր են հանում նոր շերտեր, տալիս նոր գիտելիք նույնիսկ ամենատեղեկացվածին:

Որպես այցելու, ես դուրս եմ գալիս թանգարանից՝ վերահաստատելով այն, ինչ բոլորիս մտքում է և բոլորիս շուրթերին. «Հիշում եմ և պահանջում»,-գրել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Թանգարանի նոր ցուցադրության պաշտոնական բացման կապակցությամբ Հանրապետության Նախագահը թանգարանին նվիրել է «Գրիգորի Նարեկայ Վանից վանականի Մատեան Ողբերգութեան, Ի Կոստանդնուպօլիս, 1850» գիրքը, որը փրկվել է 1915 թվականին տեղահանության ժամանակ: Թանգարանի հատուկ հյուրերը ևս հանձնել են իրենց նվերները: Կատերինա Յամադան թանգարանին է նվիրել բրնձով լցված ապակե շիշ՝ Ցեղասպանությունից հետո Մերձավոր Արևելքի որբանոցներից մեկում երեխաների համար նախատեսված օրական պարենի չափով, որի բավարար չլինելու պատճառով կոմիտեն ստիպված մերժել է ընդունել հազարավոր երեխաների: Շշի վրա կա գրություն՝ «Օգնություն հայ որբերին»: Հյուրերից Յուսի Բյորը նվիրել է իր տատիկի՝ Բոդիլ Բյորնի օրագիրը և կնիքը, իսկ Սոսի Հաբեշյանը՝ Մարիա Յակոբսենի դրամապանակը և լուսանկար՝ որբերին խնամելիս:

Նոր ցուցադրության մշակման և դիզայներական նախագծի ուղղությամբ աշխատանքներն իրականացվել են սկսած դեռևս 2011 թվականից, երբ մեկնարկել էին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի հիմնական մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները, Ծիծեռնակաբերդի ճեմուղու, հարակից տարածքի բարեկարգումը և վարչական մասի կառուցումը:

Աշխատանքների արդյունքում թանգարանի ցուցադրական տարածքն ընդարձակվել է երկուսուկես անգամ՝ կազմելով 2400 քառակուսի մետր, իրականացվել են Հայաստանում առաջին անգամ կիրառվող նախագծային լուծումներ, կիրառվել են համաշխարհային թանգարանային պրակտիկայում լայն տարածում գտած նոր տեխնոլոգիաներ ու մոտեցումներ: Թանգարանային ցուցադրության բովանդակային լուծումները, տեքսային նյութերն ու բացատրագրերը հիմնված են ցեղասպանագիտության ոլորտում վերջին տարիների գիտական ու մեթոդական մշակումների վրա։

Թանգարանային մշտական ցուցադրության մեջ ամփոփվել են վերջին 7-8 տարիների հավաքչական աշխատանքի արդյունքում ձեռք
բերված հազարավոր նորահայտ նյութեր: Ներկայացված են նաև բնօրինակ և եզակի լուսանկարներ, գրքեր, փաստաթղթեր և այլն:

Թանգարանային նոր ցուցադրական տարածքն ունի տասներկու սրահ՝ նախկին երեքի փոխարեն: Ցուցադրությունը բաղկացած է հիսուներկու հիմնական խորագրերից։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ստեղծվել են բացառիկ պայմաններ ֆոնդային միավորների պահպանության համար: Վերջին մի քանի տարվա ընթացում հնարավոր է դարձել թանգարանի հավաքածուն կրկնապատկել բնօրինակ նյութերով, որոնք հատել են 90 հազարի սահմանը:

Վերոնշյալ աշխատանքներն իրականացվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, թանգարանը և հարակից տարածքը հիմնավերանորոգվել են «Ծիծեռնակաբերդ» բարեգործական հիմնադրամի միջոցներով, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Հիմնադրամը ֆինանսավորվում է իրավաբանական և ֆիզիկական անձանցից ստացված նվիրատվություններով:

 

← Վերադառնալ ցուցակին