Լուրեր
Վարչապետն ընդունել է «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների
17.04.2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Երևանի «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների և ևս մեկ անգամ լսել նրանց խնդիրները:
Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են աշխատակիցների աշխատավարձի վճարմանը և «Նաիրիտ»-ի հետագա գործարկմանը վերաբերող հարցեր: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունն արել է հնարավոր ամեն ինչ՝ ս.թ. ապրիլի վերջին գործարանի բոլոր աշխատակիցներին ևս մեկ ամսվա աշխատավարձ վճարելու համար: Այնուհետև Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է «Նաիրիտ»-ի գործարկման հնարավորություններին և նշել, որ Համաշխարհային բանկի փորձագետներն ուսումնասիրություն են կատարել այդ ուղղությամբ: Կառավարության ղեկավարն առաջարկել է նաիրիտցիներին՝ ծանոթանալ վերոնշյալ վերլուծության արդյունքներին, ներկայացված առաջարկություններին ու էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ քննարկել հետագա քայլերը:
«Նաիրիտ»-ի աշխատակիցների առաջարկությամբ քննարկվել է նաև գործարանում եղած գույքի մի մասի վաճառքի պարագայում գոյանալիք միջոցների հաշվին աշխատավարձը վճարելու տարբերակը: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրել է, որ այժմ բանակցություն է վարվում այդ ուղղությամբ:
Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունն անհրաժեշտ ջանք է գործադրում՝ «Նաիրիտ» գործարանում առկա խնդիրներին լուծում տալու համար: