Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը եզդիների Նոր տարվա առթիվ

15.04.2015

 Եզդիական համայնքի հարգելի ներկայացուցիչներ,
սրտանց շնորհավորում եմ ձեզ Տաուսի Մալակի՝ եզդիների Նոր տարվա առթիվ:
Հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամության ընթացքում բազում առիթներ ենք ունեցել համոզվելու, որ այն իսկապես անկեղծ ու անշահախնդիր է: Հայաստանաբնակ եզդի ժողովրդի համար Հայաստանն իսկապես հարազատ տուն է, և բնական է ու օրինաչափ, որ եղբայրական եզդի ժողովուրդն անմնացորդ նվիրումով իր մասնակցությունն է բերում մեր երկրի ու մայրաքաղաք Երևանի շենացման գործին:
Մեր ժողովուրդն ըստ արժանվույն է գնահատում եղբայր ժողովրդի բարեկամությունը, ժողովուրդ, որ մեր կողքին է թե՛ փորձության և թե՛ ուրախության պահին: Եզդի ժողովրդի ներկայացուցիչներն ակտիվորեն ներգրավված են մեր երկրի տնտեսական ու քաղաքական կյանքում և իրենց գործուն մասնակցությունն ունեն մեր հասարակությանը հուզող խնդիրների կարգավորման ուղղությամբ որոշումների կայացման գործում: Դրա վառ օրինակն է նաև Երևանի ավագանու «Հանրապետական» խմբակցության կազմում եզդի համայնքի ներկայացուցչի առկայությունը:
Կրկին շնորհավորելով Տաուսի Մալակի առթիվ՝ քաջառողջություն, նորանոր ձեռքբերումներ և երջանկություն ու բարեկեցություն եմ մաղթում բոլորիդ ընտանիքներին:

← Վերադառնալ ցուցակին