Լուրեր
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2015թ.-ի մարտ ամսվա և առաջին եռամսյակի գնահատման ու վերլուծության արդյունքները
13.04.2015
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2015թ.-ի մարտ ամսվա և առաջին եռամսյակի գնահատման ու վերլուծության արդյունքները:
Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների մարտ ամսվա ամփոփ ցուցանիշներ` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականն զբաղեցրել է Արաբկիր, երկրորդը՝ Շենգավիթ, իսկ երրորդ տեղը՝ Դավթաշեն վարչական շրջանը: Մարտ ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով վերջին՝ տասներորդ, տասնմեկերորդ և տասներկուերորդ տեղերն էլ համապատասխանաբար զբաղեցրել են Նորք-Մարաշ, Նուբարաշեն և Կենտրոն վարչական շրջանները: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում անցած երեք ամիսների ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ տվյալների համաձայն էլ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականն զբաղեցրել է Արաբկիր, երկրորդը՝ Դավթաշեն, իսկ երրորդ տեղը՝ Շենգավիթ վարչական շրջանը: 2015թ.-ի առաջին եռամսյակի ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով ամենացածր ցուցանիշները գրանցել են Կենտրոն, Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջանները:
Անդրադառնալով արդյունքներին և քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված ու կատարվող աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ մայրաքաղաքում համաչափ զարգացում ապահովելու համար պետք է յուրաքանչյուր տարի գերազանցվեն քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների արդյունքներն ու ծավալները, ինչը մեծապես պայմանավորված է հենց տեղերում իրականացվող ամենօրյա կանոնակարգված աշխատանքով:
«Պարզապես պետք է հետևողականություն և ամենօրյա աշխատանք, որպեսզի տարբեր ոլորտներում կարողանաք ապահովել անհրաժեշտ ցուցանիշները: Ինձ համար անընդունելի է հատկապես այն վարչական շրջանների աշխատակարգը, որոնք նախկինում զբաղեցրել են բարձր հորիզոնականներ, սակայն այսօր զիջել են իրենց դիրքերը: Ըստ այդմ, իմ հորդորն ու պահանջն է ձեզանից, որ երբևէ չբավարարվեք ձեռքբերածով ու շարունակեք անել հնարավորը՝ մշտապես բարձր ցուցանիշներ արձանագրելու համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին էլ քաղաքապետը հանձնարարել է կարճ ժամանակահատվածում շտկել բացթողումներն ու ըստ ոլորտների տանել հետևողական աշխատանք:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն