Լուրեր
ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Անն Բրասերին
13.04.2015
Ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին:
Ողջունելով Անն Բրասերին խորհրդարանում՝ Աժ նախագահը կարեւորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցությունը, ինչպես նաեւ ԵԽ աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաեւ Վեհաժողովում ընդունվող փաստաթղթերին:
Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին՝ Ազգային ժողովի նախագահը փաստել է, որ այն ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է: Նա հույս է հայտնել, որ ԵԽԽՎ-ն 100-րդ տարելիցին ընդառաջ կանդրադառնա այս պատմական ողբերգությանը եւ կտա համապատասխան գնահատական:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ԱԺ նախագահը նշել է, որ այն ՀՀ արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններից մեկն է, եւ Հայաստանը հակամարտության լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Գալուստ Սահակյանն առաջարկել է ուղղակիորեն շփվել Լեռնային Ղարաբաղի հետ՝ անկախ նրա կարգավիճակից, քանի որ Եվրոպայի խորհուրդը նման փորձ ունի այլ հակամարտությունների գոտիներում: Միաժամանակ Գալուստ Սահակյանը տիկին Բրասերին առաջարկել է տեղում հետեւել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մայիսի 3-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին` նշելով, որ Արցախում վաղուց ընտրությունները կազմակերպվում եւ անցկացվում են բարձր մակարդակով եւ միջազգային չափանիշներին համապատասխան:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերը բարձր է գնահատել ՀՀ ԱԺ պատվիրակության գործունեությունը Վեհաժողովում եւ մեծապես կարեւորել խորհրդարանական դիվանագիտության դերը միջազգային հարթակներում:
Տիկին Բրասերը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը պետք է նպաստի, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սկսվի երկխոսություն, եւ հակամարտող կողմերը լսեն միմյանց:
Անն Բրասերն անդրադարձել է ԵԽ Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային, որը Հայաստանը դեռ չի ստորագրել: Նա նաեւ դիմել է ԱԺ նախագահին՝ Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարանի որոշումների կատարման համար խորհրդարանում հանձնաժողով ստեղծելու խնդրանքով, որն էլ կվերահսկի դատարանի որոշումների կատարման ընթացքը:
Այնուհետեւ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերը խորհրդարանի այգում մասնակցել են ծառատունկի:
ԵԽԽՎ նախագահը հանդիպումներ է ունեցել նաեւ ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների ղեկավարների հետ: