Լուրեր

Ազգային ժողովն սկսել է քառօրյա նիստերի աշխատանքը

07.04.2015

 Ապրիլի 7-ին Ազգային ժողովն սկսել է եռօրյա նիստերի աշխատանքը: Նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ՝ մայրերին եւ կանանց մաղթելով երջանկություն, առողջություն, բարեկեցություն եւ լավատեսություն:

Պատգամավորներն այնուհետ ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ ԱԺ նիստին հետեւող Արմավիրի մարզի Գետաշեն եւ Լեռնագոգ գյուղերի դպրոցների ուսուցիչներին ու աշակերտներին:

Օրակարգը հաստատելուց հետո պատգամավորները քվեարկությամբ ընդունել են նախորդ քառօրյա նիստերում քննարկված «ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին», «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» օրենքի նախագծերը, բացառությամբ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի, որի քվեարկությունը հետաձգվել է մինչեւ ապրիլի 8-ը:

Խորհրդարանն այնուհետ շարունակել է քննարկել ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը, որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Հիշեցնենք, որ եզրակացությունում ներկայացված են բնական գազի սակագնի հաշվարկման նորմատիվային բազայի եւ ստացված ցուցանիշների հետազոտության արդյունքում կատարված մի շարք ընդհանրացումներ, եզրակացություններ եւ առաջարկություններ, շահագործման եւ պահպանման ծախսեր, ոլորտի միջազգային փորձը, ՀՀ գազամատակարարման համակարգում բնական գազի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկման մեթոդաբանությունը, դինամիկան եւ իջեցման ուղիները, համակարգում ներդրումների ուղղություններն ու արդյունավետությունը:

Վարդան Այվազյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, մանրամասնել ուսումնասիրության ոլորտները:

Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն արտահայտելու համար հերթագրվել են 16 պատգամավորներ:

Հրանտ Բագրատյանի գնահատմամբ՝ հանձնաժողովը նկարագրական բնույթի աշխատանք է կատարել, վերլուծությունները քիչ են: Պարոն Բագրատյանն անդրադարձել է գազամատակարարման ոլորտում առկա խնդիրներին: Նրա կարծիքով՝ գազի գին սահմանելու անհրաժեշտություն չկա, այն պետք է հաստատի արտադրողը:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի ապրիլի 8-ի նիստում:

Վերջին նիստի մեկ ժամը «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն՝ տրամադրվել է պատգամավորների հայտարարություններին:

← Վերադառնալ ցուցակին