Լուրեր

Քննարկվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության 2014 թ. գործունեության հաշվետվությունը

07.04.2015

 ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության 2014 թ. կատարված աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ներկայացրել է հաշվետու տարում կատարված աշխատանքները և ըստ ոլորտների իրականացված ծրագրերը: 2014 թ. էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը հատկացվել է 688.3 մլն ՀՀ դրամ, որից չտնօրինված 7.1 մլն ՀՀ դրամը վերադարձվել է ՀՀ պետական բյուջե: 2014 թ. արտադրվել է 7 մլրդ 751 կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա՝ 2013 թ. համեմատ 40 մլն կիլովատ/ժամով ավելի: Արտադրող կայանների հաղորդաձողերից դեպի էլեկտրական ցանցեր հաղորդված և հանրապետություն ներմուծված էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալը կազմել է 7 մլրդ 528 մլն կիլովատ/ժամ՝ 2013 թ. համեմատ 65 մլն կիլովատ/ժամով ավելի:
Ընդերքօգտագործման ոլորտում իրականացված գործունեության մասով 2014 թ. տարեկան փաստացի բյուջետային մուտքերը կազմել են՝ ուսումնասիրության կամ հանքաարդյունահանման լիցենզառուի կողմից վճարվող կոնցեսիոն վճար՝ 10.7 մլն ՀՀ դրամ, մետաղական օգտակար հանածոների արդյունահանումից վճարվող բնօգտագործման վճար (ռոյալթի)՝ 20773.8 մլն ՀՀ դրամ, ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանումից վճարվող բնօգտագործման վճար՝ 1537.9 մլն ՀՀ դրամ, ընդերքօգտագործման թույլտվությունների համար վճարված պետական տուրք՝ 553.3 մլն ՀՀ դրամ:
Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով կառավարության որոշմամբ հաստատվել է «ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թթ. միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը»: Վերականգնվող էներգետիկայի զարգացման նպատակով սահմանվել են լրացուցիչ արտոնություններ. բացի փոքր ՀԷԿ-րից, մնացած բոլոր տեսակի վերականգնվող ռեսուրսների հաշվին արտադրված էլեկտրաէներգիայի գնման պարտադիր երաշխիքը 15-ից դարձել է 20 տարի: Համաշխարհային բանկի աջակցությամբ 2012-2015 թթ. իրականացվող էներգախնայողության ծրագրի շրջանակում Երևանի և Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Արագածոտնի մարզերի 31 հանրային օբյեկտում իրականացվել են էներգախնայողական միջոցառումներ՝ 278511.59 հազար ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Մշակվել է էներգահամակարգի պետական ընկերությունների առողջացման ծրագիր:
Ատոմային էներգետիկայի բնագավառում հավանություն է տրվել «Հայկական ԱԷԿ-ի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրին», ստորագրվել է «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համագործակցության մասին» համաձայնագիրը: Ընդունվել են մի շարք իրավական ակտեր նախարարության ենթակայության ընկերությունների գործունեության վերաբերյալ:
Ընդլայնվել է միջազգային կազմակերպությունների՝ Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զար¬գացման միջազգային բանկի, գերմանական KfW բանկի հետ համագործակցությունը. մի շարք ընթացիկ համաձայնագրերով շարունակվել է ներդրումային ծրագրերի իրականացումն էներգետիկայի ոլորտում, ստորագրվել են նոր համաձայնագրեր: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ մշակվել է ՀՀ էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով զարգացման ծրագիրը:
Ընդերքի բնագավառում իրականացված աշխատանքների շրջանակում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրությունների համար տրամադրվել է 84 թույլտվություն, որից 62-ը մետաղական օգտակար հանածոների երևակումների, իսկ 22-ը ոչ մետաղական օգտակար հանածոների երևակումների համար: Օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստանալու նպատակով ստացվել է 18 հայտ, որից 13 տնտեսվարող սուբյեկտի տրվել է ընդերքօգտագործման իրավունք, 3-ը փորձաքննության փուլում են, իսկ 2-ը մերժվել են փաստաթղթերն օրենսդրության պահանջներին համապատասխան չներկայացնելու հիմքով: Ընդունվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը, դրան համապատասխան փոփոխություններ են կատարվել «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում, և այսուհետ ընդերքօգտագործման իրավունքը տրամադրվելու է «մեկ պատուհանի» սկզբունքով: Մշակվել է «Oգտակար հանածոների կառավարման ազգային ռազմավարության» նախագիծը:

← Վերադառնալ ցուցակին