Լուրեր

Վարչապետը մասնակցել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ուսումնամեթոդական կենտրոն»-ի բացմանը

03.04.2015

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի բացմանը, որը հիմնադրվել է ՀՀ կառավարության 2015 թ. փետրվարի 26-ի որոշմամբ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ և ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահներ Մարտին Սարգսյանը և Կառլեն Պետրոսյանը, կոմիտեի ղեկավար կազմը, համակարգի աշխատակիցներ, մասնագետներ:
Կառավարության ղեկավարը շրջել է «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքում, ծանոթացել լսարանների տեխնիկական հագեցվածությանն ու մասնագիտական պատրաստվածությանը: Վարչապետին են ներկայացվել «Ուսումնամեթոդական կենտրոն»-ի գործունեության հիմնական ուղղությունները և գործառույթները՝ կադաստրի համակարգում աշխատող, ինչպես նաև չաշխատող մասնագետների վերապատրաստում և որակավորման բարձրացում, տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստում, ուսումնամեթոդական ձեռնարկների հրատարակում և իրացում: Նշվել է, որ կադաստրի համակարգում չաշխատող անձանց վերապատրաստման դասընթացների կազմակերպումը հնարավորություն կտա նրանց ընդգրկել կադրային ռեզերվում և պատրաստված ու բանիմաց մասնագետներ ունենալ: Հովիկ Աբրահամյանը, ողջունելով ուսումնական կենտրոնի ստեղծումը, կարևորել է բարձրակարգ մասնագետների պատրաստումը և հաջողություն մաղթել կառույցի հետագա աշխատանքներին: «Յուրաքանչյուր գերատեսչություն, որ ծառայություն է մատուցում հասարակությանը, պետք է որակյալ մասնագետներ ունենա: Մենք պետք է քաղաքացիներին որակյալ ծառայություն մատուցենք, դյուրացնենք այդ գործընթացը և ազատվենք ավելորդ օղակներից», - նշել է վարչապետը: Գործադիրի ղեկավարը գոհունակություն է հայտնել կադաստրի համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքից և կարևորել դրանց շարունակական իրականացումը:
Նշենք, որ ՀՀ և ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեների միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում կենտրոնում կազմակերպվող դասընթացներին կմասնակցեն նաև ԼՂՀ կադաստրի համակարգի աշխատակիցները: ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ի միջև փոխըմբռնման հուշագրի շրջանակում ԵԿՄ-ի, նրանց ընտանիքի, զոհված ազատամարտիկների, ՀՀ սահմանների պաշտպանության, զինված ուժերում և այլ զորքերում ծառայության ընթացքում ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված զինվորների ընտանիքների անդամները, ինչպես նաև Սիրիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներգաղթած մեր հայրենակիցները կենտրոնում կազմակերպվող դասընթացներին կմասնակցեն անվճար:

← Վերադառնալ ցուցակին