Լուրեր

DEMYC-ը ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը

26.03.2015

 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության հետ քննարկման արդյունքում երեկ մոտ 50 երկրի կուսակցությունների երիտասարդական թևեր միավորող «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության՝ DEMYC-ի գործադիր մարմինն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող պաշտոնական հայտարարություն։ Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը.

  •  Վկայակոչելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը,
  •  Վերահաստատելով մարդու իրավունքների սկզբունքները և եվրոպական արժեքները,
  •  Դատապարտելով հայ ժողովրդի դեմ Օսմանյան Կայսրության և Թուրքիայի տարբեր ռեժիմների կողմից հայ բնակչության նկատմամբ 1894-1923թթ. ծրագրված և շարունակաբար իրականացված ցեղասպանային գործողությունները, հայրենազրկումը, կոտորածներն ու էթնիկ զտումները, որոնք միտված էին հայ բնակչության բնաջնջմանը, հայկական ժառանգության ոչնչացմանը, ինչպես նաև` Ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործությունները և դրանց հետևանքները մոռացության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես շարունակություն այդ հանցագործության և քաջալերանք նոր ցեղասպանություններ գործելու:

DEMYC (Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք) խորհուրդը հայտարարում է հետևյալը.

  •  Մենք դատապարտում ենք հայ ժողովրդի դեմ Օսմանյան Կայսրության և Թուրքիայի տարբեր ռեժիմների կողմից 1894-1923թթ. ծրագրված և շարունակաբար իրականացված ցեղասպանային գործողությունները, ունեզրկումը, հայ բնակչության ոչնչացմանն ուղղված կոտորածներն ու էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև Ցեղասպանության ժխտումը,
  •  Մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը և խոնարհվում այդ նահատակների ու փրկված հերոսների առջև, ովքեր պայքարել են իրենց կյանքի և մարդկային արժանապատվության համար: Ավելին, մենք ընդունում ենք, որ Ցեղասպանությունը հանգեցրել է ոչ միայն հայերի ոչնչացման և ունեզրկման, այլև տարածվել է Պոնտոսի հույն և ասորի ժողովուրդների վրա, ում հիշատակը մենք նույնպես ոգեկոչում ենք,
  •  Մենք միանում և վճռականորեն աջակցում ենք Հայաստանի հանձնառությանը և հայ ժողովրդին` շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված մարդկանց իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման գործում,
  •  Մենք կոչ ենք անում Թուրքիային առերեսվել պատմության հետ և վերջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրա հատևանքով վերջինիս կրած ունեզրկումը, այդ թվում, չսահմանափակելով հայ ժողովրդի վերադարձի և իրենց ազգային օջախներին անվտանգ վերամիավորման իրավունքը: Եվ այդ ամենը պետք է բխի ճշմարտության միջոցով հաշտության հասնելու հրամայականից,
  •  Մենք կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը հարգել և լիովին գիտակցել իր ստանձնած իրավական պարտավորությունները, այդ թվում` այն դրույթների, որոնք վերաբերում են մշակութային ժառանգության պահպանմանը, մասնավորապես, բարեխղճորեն անցկացնել միասնական գույքագրում հայկական և այլ մշակութային ժառանգություննների, որոնք ոչնչացվել կամ ավերվել են անցյալ դարում:

← Վերադառնալ ցուցակին