Լուրեր

Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը

24.03.2015

 Մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ միաձայն ընդունելով նախորդ օրը քննարկված «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը, որի հեղինակներն են պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Արմեն Ռուստամյանը, Հովհաննես Սահակյանը, Էդմոն Մարուքյանը, Արփինե Հովհաննիսյանը, Թեւան Պողոսյանը, Գուրգեն Արսենյանը, Հեղինե Բիշարյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վահրամ Բաղդասարյանը, Հերմինե Նաղդալյանը, Մարգարիտ Եսայանը, Լյուդմիլա Սարգսյանը, Գագիկ Մելիքյանը եւ Արագած Ախոյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները ողջունել են խորհրդարանում հյուրընկալված եւ ԱԺ նիստին հետեւող Երեւանի «Անտիկյան կրթարան» ուսումնական հաստատության սաներին եւ մանկավարժներին:

Քննարկվել են Ցեղասպանության հարցին առնչվող օրենսդրական նախագծեր

Այնուհետեւ Արտակ Զաքարյանի ներկայացմամբ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են «ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համահեղինակներն են Զարուհի Փոստանջյանը, Կորյուն Նահապետյանը, Թեւան Պողոսյանը, Շիրակ Թորոսյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը:

Հեղինակներն առաջարկում են օրենքը լրացնել նոր պարբերությամբ, համաձայն որի՝ Մխիթար Գոշի մեդալով պարգեւատրվում են նաեւ այն անձինք, ովքեր իրենց նշանակալի ավանդն են ներդրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման, ինչպես նաեւ ժխտողականության դեմ պայքարի գործում: Առաջարկվում է օրենքի 25-րդ հոդվածը եւս լրացնել, որով հնարավորություն կստեղծվի Երախտագիտության մեդալով պարգեւատրելու նաեւ այն անձանց, ովքեր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ակնառու ծառայություններ են մատուցել:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է Վահրամ Մկրտչյանը:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Արտակ Զաքարյանն անդրադարձել է պատգամավորների հարցերին եւ առաջարկներին, տվել պարզաբանումներ:

Հաջորդիվ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Արտակ Զաքարյանի, Զարուհի Փոստանջյանի, Կորյուն Նահապետյանի, Թեւան Պողոսյանի, Շիրակ Թորոսյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի հեղինակած «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Արտակ Զաքարյանը տեղեկացրել է, որ առաջարկվում է դեկտեմբերի 9-ը սահմանել որպես Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր: Նա պարզաբանել է, որ օրենքի լրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին կոնվենցիան» ՄԱԿ-ի կողմից ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին: Ըստ հեղինակների, այս փոփոխությամբ կհարգվի բոլոր ցեղասպանությունների զոհ դարձածների հիշատակը:

Նախագծի կապակցությամբ իրենց առաջարկներն ու տեսակետներն են ներկայացրել պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արմեն Ռուստամյանը եւ Կորյուն Նահապետյանը:

Երրորդ ընթրեցմամբ եւ ամբողջությամբ պատգամավորները քննարկել են ՀՀ կառավարության ներկայացրած «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի առաջարկով խորհրդարանը քննարկել է ՀՀ Նախագահի կողմից ներկայացված «1997 թվականի դեկտեմբերի 19-ին Բրյուսելում ստորագրված «Հյուսիսատլանտյան պայմանագրի մասնակից պետությունների եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցող այլ պետությունների միջեւ իրենց զինված ուժերի կարգավիճակի մասին» համաձայնագրի հետագա լրացուցիչ արձանագրությունը, որի ընդունումը պայմանավորված է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակցող պետությունների տարածքում ՆԱՏՕ-ի ռազմական շտաբների եւ շտաբների անձնակազմի կարգավիճակի սահմանումը կարգավորելու անհրաժեշտությամբ :

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Գագիկ Մինասյանի, Արծվիկ Մինասյանի, Սամվել Նիկոյանի, Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի, Սուքիաս Ավետիսյանի, Մհեր Շահգելդյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տեղեկացրել է, որ նախագծով նախատեսվում է Հայաստանում ներդնել բյուջետային բարեփոխումների հայեցակարգ, որը ենթադրում է մեծածավալ բյուջետային գործընթացի շրջանակում տեղեկատվության ներկայացում օրենսդիր մարմնին: Ստեղծվելու է փորձագետների աշխատանքային խումբ՝ բյուջետային գրասենյակ, որը պատգամավորներին, հանձնաժողովներին եւ խմբակցություններին տալու է մասնագիտական աջակցություն եւ տեղեկատվություն:

Նախատեսվում է ստեղծել բյուջետային գրասենյակ

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ներկայացնելով խմբակցության դիրքորոշումը՝ բյուջետային գրասենյակի ստեղծումը հակասահմանադրական է համարել եւ տեղեկացրել, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու օրենքի նախագծին:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, անդրադառնալով բյուջետային գրասենյակի ստեղծմանը, նշել է, որ իրենց խմբակցությունը դեմ է կառույցի ձեւավորմանը: Նրա կարծիքով՝ հստակ չէ ստեղծման պատճառը:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն իր ելույթում հիմնավորել է, որ գրասենյակի ստեղծումը հակասահմանադրական չէ, եւ ներկայացրել է այն հիմնական գործառույթները, որոնք իրականացնելու է գրասենյակը: ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու օրենքի նախագծին:

Եզրափակիչ ելույթում Գագիկ Մինասյանը եւ հարակից զեկուցող Արծվիկ Մինասյանն, անդրադառնալով պատգամավորների ելույթներին, նշել են, որ կառույցի ստեղծումը հակասահմնադարական չէ: Զեկուցողները պարզաբանել են, որ ստեղծվելիք մարմնի նպատակը պատգամավորներին եւ խմբակցություններին տեղեկատվությամբ ապահովելն է:

Խորհրդարանն այնուհետ քննարկել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015 թվականի տարեկան գործունեության ծրագիրը, որը ներկայացրել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Նա ներկայացրել է այն հիմնական ուղղությունները, որտեղ ՏՄՊՊՀ-ն կատարել է բացահայտումներ: Ըստ ՏՄՊՊՀ ղեկավարի՝ ծրագրի հիմնական նպատակներն են եղել պաշտպանել եւ խրախուսել տնտեսական մրցակցությունը ապրանքային շուկայում, ապահովել բարեխիղճ եւ ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, խթանել մրցակցային մշակույթը: Արտակ Շաբոյանը տեղեկացրել է, որ իրենց հանձնաժողովը համագործակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների, արտերկրի մրցակցային կամ հակամենաշնորհային մարմինների, ԱՊՀ անդամ պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հետ: Արտակ Շաբոյանը նշել է, որ հաշվի առնելով ապրանքային շուկաների կենտրոնացվածությունը, դրանց սոցիալական նշանակությունը եւ նախկինում հայտնաբերված խախտումները, ծրագրային տարում հանձնաժողովի համար կշարունակի առաջնահերթ լինել ուսումնասիրությունը շուկայի մուտքի խոչընդոտների, պետական գնումների ընթացակարգի, գերիշխող դիրքի հանգեցնող համակենտրոնացումների, հակամրցակցային համաձայնությունների բացահայտման նպատակով:

Արտակ Շաբոյանը մասնավորապես անդրադարձել է ՏՄՊՊՀ –ի կողմից մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումների բացահայտման, հակամրցակցային համաձայնությունների կնքման բացահայտման, համակենտրոնացումների նկատմամբ վերահսկողության ուղղությունների նաեւ մրցակցային միջավայրի վրա ազդեցության ունեցող այլ պետական մարմինների իրավասությանն առնչվող հարցերին:

Խորհրդարանը ՏՄՊՊՀ գործունեության ծրագրի քննարկումը կշարունակի մարտի 25-ի նիստում:

Վերջին նիստի մեկ ժամը «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն տրամադրվել է պատգամավորների հայտարարություններին:

← Վերադառնալ ցուցակին