Լուրեր

Համայնքների միավորման հարցը կորոշվի տեղական հանրաքվեով

19.03.2015

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Մոտ 3,5 տարի առաջ ՀՀ կառավարության հավանությունն ստացած համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգով սկիզբ դրվեց ՀՀ վարչատարածքային բարեփոխման, մասնավորապես՝ համայնքների խոշորացման գործընթացին: Ի կատարումն 2013թ. հուլիսի 5-ի ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստում տրված հանձնարարականի՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը քննարկել է համայնքների խոշորացման ծրագրերի երկու տարբերակ՝ ծրագրային և վարչական: Ծրագրային հիմնավորմամբ խոշորացման համար ընտրվել է 14 համայնքային փունջ: Նաև նպատակահարմար է գտնվել իրականացնել համայնքների խոշորացման մի քանի պիլոտային ծրագիր՝ նախապես այդ համայնքում անցկացնելով տեղական հանրաքվե: 2015թ. իրականացվելու է 3 պիլոտային ծրագիր՝ Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Շինուհայր, Տավուշի մարզի Դիլիջան համայնքային փնջերով, որտեղ կառավարության որոշմամբ ս.թ. մայիսի 17-ին կանցկացվի տեղական հանրաքվե՝ պարզելու համար, թե բնակիչները կհամաձայնե՞ն արդյոք, որպեսզի շրջակա համայնքները միավորվեն՝ կենտրոն ունենալով նշված բնակավայրերը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ, սա համայնքների խոշորացման առաջին քայլն է: Երեք փունջ համայնքների միավորման վերաբերյալ դժգոհություն կամ վիճելի հարց չկա: Բարեփոխումը շարունակություն է ունենալու:
Իր նախկին որոշումներից մեկում կատարելով փոփոխություններ, 2015թ. պետբյուջեում՝ վերաբաշխում և Լոռու, Սյունիքի ու Արարատի մարզերի մի շարք հրատապ հիմնանորոգում պահանջող ճանապարհների անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ս.թ. չորրորդ եռամսյակում նախատեսված 500 մլն դրամից 291 մլն դրամը տրամադրվել է Լոռու, 50 մլն դրամը՝ Սյունիքի, 208 մլն դրամը՝ Արարատի մարզպետարաններին:


Խստացվում են սննդամթերքի անվտանգության կանոնները


ՀՀ կառավարությունն իր մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ, որոնց նպատակը սննդամթերքի անվտանգության ոլորտի սանիտարական կանոնների և նորմերի պահպանման վերահսկողությունը մեկ լիազոր մարմնի՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության միջոցով իրականացնելն է: Ակնկալվում է, որ որոշումը կնպաստի ոլորտում թույլ տրված իրավախախտումների վերացմանը և կանխարգելմանը միտված օրենսդրության արդյունավետ իրականացմանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրել է վերջերս Եղվարդի մանկապարտեզում արձանագրված զանգվածային թունավորման դեպքը և կարևոր համարել որոշմամբ նախատեսված սննդամթերքի վերահսկողության խստացումը: Վարչապետը նաև հավաստել է, որ ինքն անձամբ հետամուտ է լինելու, որպեսզի որոշումը հստակ իրականացվի:
Նիստում հաստատվել է ցածր լարման էլեկտրասարքավորումների անվտանգության տեխնիկական կանոնակարգը, որը մոտարկվել է Եվրախորհրդարանի և Եվրախորհրդի կանոնակարգերին: Փաստաթղթում հաշվի է առնված այժմ Հայաստանում գործող ԱՊՀ արտաքին տնտեսական գործունեության անվանացանկը:
Կառավարությունը հաստատել է Հայկական ատոմային էլեկտրակայանի ճառագայթային կամ միջուկային վթարի սպառնալիքի կամ վթարի դեպքում նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման գոտու բնակչության ազդարարման համակարգի գործունեության ապահովման ծրագիր-ժամանակացույցը:


Պարզեցվում է բիզնես սկսելու ընթացակարգը


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2015թ. միջոցառումների ծրագրին: Այն կնպաստի բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, փոքր և միջին ձեռնարկությունների աճի, արտաքին առևտրի արագ խթանմանը, հարկային և մաքսային հավասարակշռված քաղաքականության իրականացմանը և այլն: Այժմ Հայաստանը «Արդյունավետությունից դեպի արդյունք» վարկանիշային զեկույցի տվյալով 189 երկրների շարքում զբաղեցնում է 45-րդ տեղը:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի դրույթներն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում հավաստագրման գործընթացի պատշաճ իրականացման վերաբերյալ:
Կառավարությունը թույլատրել է «Հայք ավիա» ՓԲԸ կողմից «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2016թ. փետրվարի 19-ը, ինչը պայմանավորված է ընկերության ձեռք բերած ուսումնական ինքնաթիռի շահագործման պայմանների պահպանման անհրաժեշտությամբ:
Գործադիրը հաստատել է կառուցապատման նպատակով թույլտվության և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը: Դրա ընդունմամբ ակնկալվում է քաղաքաշինության ոլորտում ներդրողների համար ձևավորել հստակ, բարենպաստ և ամբողջական իրավական միջավայր:
Փոփոխություն կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը մինչև 2015թ. սեպտեմբեր ամիսը երկարացրել է «Էնէկո. Ինկ» ընկերության կողմից Ծաղկաձոր քաղաքի Օրբելու 1 հասցեում կատարվելիք ներդրումային պարտավորությունների ժամկետը:


Հայոց ցեղասպանությունը վերապրածներին տրվող օգնությունը կքառապատկվի


ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, ըստ որի Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը (ներառյալ) ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած 33 անձանց տրվող ամսական դրամական օգնության չափը 25 հազար դրամի փոխարեն սահմանվել է 100 հազար դրամ:
Գործադիրը, հիմք ընդունելով ՀՀ դատական օրենսգրքի պահանջը, սահմանել է դատական գործերի դասակարգումը, դատական վիճակագրության պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկը և հրապարակման կարգը, վիճակագրական հաշվետվության բովանդակության նկարագրությունը, դատական գործի վիճակագրական քարտի ձևը:
Կառավարության որոշմամբ Վանաձոր քաղաքում ստեղծվել է բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց, որը կնպաստի մարզաձևի զարգացմանը, ՀՀ հավաքական թիմերի համար հերթափոխի պատրաստմանը, երեխաների հանգստի ու ժամանցի կազմակերպմանը:


Միջազգային համագործակցության նոր օրինակներ


Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև 2015-2018թթ. Չինական Ժողովրդական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանն արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրելու շրջանակային համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրով ՉԺՀ կառավարությունը սկզբունքորեն համաձայնում է Չինաստանի ներմուծման-արտահանման բանկի միջոցով ՀՀ կառավարությանը՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, տրամադրել արտոնյալ պայմաններով վարկեր: Նախատեսվում է ստորագրել «Հայաստանի մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման ծրագիր» արտոնյալ պայմաններով մոտ 155.5 մլն չինական յուան (մոտ 25.3 մլն ԱՄՆ դոլար) արժողությամբ վարկային համաձայնագիրը, ըստ որի վարկի արժույթը լինելու է չինական յուանը, մարման ժամկետը՝ 20 տարի, որից 5-ը՝ արտոնյալ: Հաջորդ որոշմամբ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և ՉԺՀ ներմուծման-արտահանման բանկի միջև կնքվելիք վարկային համաձայնագրի նախագծին:
Նիստում հավանություն է ստացել ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը: 1999 թվականից ՉԺՀ կառավարությունն անհատույց օգնություն է տրամադրում ՀՀ կառավարությանը: Այս անգամ ցուցաբերվելու է 60 մլն յուանի անհատույց տեխնիկական օգնություն՝ ՀՀ Հանրային հեռուստաընկերության համար հեռուստատեսային տաղավարի կառուցման նպատակով:
Ավելի քան 10 տարի է, ինչ ֆինանսական համագործակցության համաձայնագիր է կնքվում ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև: Հերթական փաստաթղթի ստորագրմամբ ՀՀ կառավարությունը Վերականգնման վարկերի բանկից ֆինանսական օժանդակություն կստանա մի շարք ծրագրերի իրականացման համար:


Վերացվում են օրենսդրական կիրառություն չունեցող դրույթները


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում իրավական դաշտից կհանվեն չգործող նորմերը:
Նիստում քննարկվել է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են կրկնապատկել ներկայումս գործող երաշխավորված բանկային ավանդի հատուցման չափերը, հատուցել նաև արտարժութային ավանդն այն դեպքում, երբ ավանդատուն բանկում ունի և ՛ դրամային, և՛ արտարժութային ավանդ, իսկ դրամային ավանդի գումարը 4 մլն դրամից ավելի է՝ 8 մլն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով: Կողմ լինելով բանկային ավանդների հատուցման չափերի ավելացմանը, կառավարությունն անում է մի շարք առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի պատգամավորների նախագիծը:
Գործադիրը քննության է առել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա առաջարկում է Հայրենական մեծ պատերազմի տարիներին անչափահաս տարիքում թիկունքում համապատասխան գործունեություն իրականացնելու տարիները հաշվառել որպես ստաժ, ինչի վերաբերյալ բացասական եզրակացություն է ներկայացրել կառավարությունը՝ հիմնավորելով իր առարկությունը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

← Վերադառնալ ցուցակին