Լուրեր
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2015թ. փետրվար ամսվա գնահատման և վերլուծության արդյունքները
09.03.2015
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2015թ. փետրվարի ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:
Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները՝ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Դավթաշեն վարչական շրջանը, երկրորդը Արաբկիրն է, իսկ երրորդ տեղում՝ Ավան վարչական շրջանը: 2015թ. փետրվար ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով ամենացածր ցուցանիշը գրանցել է Շենգավիթ վարչական շրջանը: Զեկուցվել է նաև, որ մարտ ամսվա աշխատանքների գնահատումն արդեն կիրականացվի համակարգում ներառված քաղաքային տնտեսության ուղղությունների շրջանակի ընդլայնմամբ:
Անդրադառնալով գրանցած արդյունքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հետևողական աշխատանք տանել առաջադրված խնդիրները լիարժեք լուծելու և գնահատման համակարգի համաձայն համապատասխան ցուցանիշներն ապահովելու ուղղությամբ:
«Գնահատման համակարգում ներառված քաղաքային տնտեսության ուղղությունների շրջանակի ընդլայնումն է՛լ ավելի է մեծացնելու պահանջները վարչական շրջաններից: Ուստի, պետք է հետևողականություն և ամենօրյա աշխատանք, որպեսզի քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կարողանաք ապահովել անհրաժեշտ ցուցանիշները: Ըստ այդմ, իմ հորդորն ու պահանջը ձեզանից այն է, որ երբևէ չբավարարվեք ձեռքբերածով ու շարունակեք անել հնարավորը՝ մշտապես բարձր ցուցանիշներ արձանագրելու համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: