Լուրեր
Սահմանամերձ համայնքները կառավարության ուշադրության կենտրոնում են
26.02.2015
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Գործադիրը որոշել է ս.թ. հունվարի 5-12-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած գնդակոծությունների հետևանքով վնասված բնակելի տների բնակիչներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով Տավուշի մարզպետարանին 2015թ. առաջին եռամսյակում հատկացնել մոտ 6.5 մլն դրամ: «Հարգելի գործընկերներ, Բերքաբեր, Բաղանիս, Բարեկամավան, Կոթի, Չինարի և Պառավաքար գյուղերի 134 բնակչի գույքի կորուստն ենք մենք վերակագնում, - հարցի առնչությամբ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: - Բոլորդ գիտեք, որ սահմանամերձ համայնքները գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, և մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ համայնքների ազգաբնակչությունը որևէ խնդիր չունենա»: Վարչապետի խոսքով՝ սահմանամերձ համանքներին աջակցությունը շարունակական կլինի:
Մեկ այլ որոշմամբ սահմանամերձ համայնքների բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու գլխավոր կարգադրիչ են դիտարկվել ՀՀ մարզպետարանները, իսկ ոռոգման ջրի վարձավճարի մասնակի փոխհատուցման գլխավոր կարգադրիչ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն: Վարչապետը հիշեցրել է, որ կառավարությունը պարտավորվել է մասնակիորեն կամ ամբողջովին փոխհատուցել սահմանամերձ համայնքների բնակիչների հոսանքի, գազի, ջրի ծախսը, ինչպես նաև գույքահարկը: Այդ նպատակով հատկացվում է 928 մլն դրամ:
ՀՀ կառավարությունը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարել է նախարարության համակարգի պետական ընկերությունների նախորդ տարիների գործունեության արդյունքով հաշվարկված՝ ՀՀ պետբյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից հետո ընկերությունների տրամադրության տակ մնացած և չբաշխված շահույթի հաշվին ապահովել ավելի քան 1.5 մլրդ դրամի վճարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին որպես անապահով ընտանիքների կողմից 2013թ. հուլիսի 7-ից մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում:
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարելով փոփոխություն, կառավարությունը երկու ամսով երկարացրել է Հայաստանի Հարավային երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ միջոցառումների (ճանապարհային քարտեզի) ցանկի և Կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու իրավական ակտերի ընդունման ժամկետները: Կոնցեսիոների առաջարկությունները ավարտական փուլում են և կներկայացվեն լրացուցիչ:
Կկանոնակարգվի ԵՏՄ-ից ներմուծվող դեղերի շրջանառությունը
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց նպատակն է կանոնակարգել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստան ներմուծվող դեղերի շրջանառությունը: Որոշմամբ սահմանվել է, որ նշված երկրներից դեղերը կարող են ներմուծվել միայն ստուգման և համապատասխանության հավաստագիր ստանալու դեպքում, ինչի շնորհիվ կբացառվի կեղծ դեղերի ներբերումը և շրջանառությունը: Վարչապետի խոսքով, հարցն արծարծվել է նաև ՀՀ առողջապահության նախարարության հաշվետվության ընթացքում, և նախարարությունը լուրջ անելիք ունի ոչ միայն ԵՏՄ երկրներից, այլև երրորդ երկրներից դեղերի ներմուծման, ինչպես նաև արտահանման խնդրում: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է հարցը քննարկել բոլոր պատկան մարմինների հետ և միասնական որոշում կայացնել: «Սա մեզ համար գերակա խնդիր պետք է լինի, որպեսզի արագորեն լուծվեն առկա հիմնահարցերը, մանավանդ, որ հասարակությունը հաճախ է դժգոհում ոլորտից», - հավելել է վարչապետը:
ՀՀ կառավարության 2014թ. մայիսի 19-ի N 511-Ա որոշման համաձայն սոցիալական պաշտպանության քաղաքականության ուղղություններից է ինտեգրված սոցծառայությունների համակարգի կայացումը՝ սոցիալապես անապահով անձին (ընտանիքին) որակյալ և մատչելի, իր կարիքներին համարժեք, «մեկ պատուհանի» սկզբունքով սոցիալական համալիր ծառայությունների տրամադրման միջոցով: Նոր որոշման ընդունմամբ ապահովվում է «մեկ պատուհանի» սկզբունքի արդյունավետ իրացումը և այդ գործընթացի կազմակերպումը մեկ միասնական մարմնի կողմից:
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ առողջապահության նախարարության «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուժեղացում և դեղակայուն տուբերկուլոզի կառավարման ընդլայնում», «Առողջապահական համակարգի հզորացում» և «ՀՀ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրի աջակցություն» դրամաշնորհային ծրագրերի արտաբյուջետային հաշիվների միջոցների ծախսման 2015թ. նախահաշիվները:
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ հիվանդանոցային բուժծառայությունների որակի ապահովման ռազմավարությանը, ՀՀ առողջապահության նախարարին հանձնարարել վեցամսյա ժամկետում մշակել հիվանդանոցային բուժծառայությունների որակի ապահովման ռազմավարությունն ապահովող միջոցառումների ցանկը և ներկայացնել կառավարության հաստատմանը:
Երիտասարդները կազատվեն քրեական հետապնդումից
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է կարգավորել ՀՀ հազարավոր քաղաքացիներին քրեական հետապնդումից ազատելու խնդիրը, ինչպես նաև ապահովել այդ երիտասարդների վերադարձը հայրենիք:
ՀՀ կառավարությունը քննարկել է «Շրջանառության հարկի մասին» և «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են ներդնել ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու կամավորության սկզբունքը, շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը 58.35 մլն դրամից բարձրացնել մինչև 100 մլն դրամ: Ըստ կառավարության եզրակացության, գործադիրն առկա խնդիրների կարգավորման նպատակով ԱԺ է ներկայացրել «Շրջանառության հարկի մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը սահմանել 113.4 մլն դրամ, ներմուծել շրջանառության հարկով հարկման նոր կառուցակարգ: Կառավարությունը հեղինակներին առաջարկում է հարցին անդրադառնալ նշված փաթեթի քննարկման ժամանակ:
Գործադիրը քննության է առել ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հուշարձաններին առնչվող կարգերի հաստատման և տեղափոխման ու փոփոխման թույլտվության տրամադրման իրավունքը վերապահել ՀՀ Ազգային ժողովին: Կառավարությունը դեմ է արտահայտվել առաջարկին և հիմնավորել իր եզրակացությունը: Միևնույն ժամանակ կառավարության 2015թ. գերակա խնդիրների և միջոցառումների ծրագրում ընդգրկված է նույնաբովանդակ օրինագիծ, որի քննարկման ժամանակ էլ առաջարկվում է անդրադառնալ պատգամավորների արծարծած հարցերին:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Կապահովվի ավիափոխադրման մրցունակությունը
ՀՀ կառավարության հռչակած օդային փոխադրման ազատականացմանն ուղղված միջոցառումներն ապահովելու նպատակով կառավարությունն ստեղծել է ավիափոխադրողի մասնագրի, օդային փոխադրումների իրականացման, օդային շահագործման թույլտվության ստացման համար ներկայացվող հայտերի քննարկման հետ կապված հարցերի խորհուրդ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ, հաստատել խորհրդի անհատական կազմը, խորհրդի աշխատակարգը, եզրակացությունների տրամադրման գնահատման չափանիշները: Որոշման ընդունումը կնպաստի ոլորտում վստահության և թափանցիկության բարձրացմանը և մրցունակ ու կայուն ավիափոխադրման ծառայությունների մատուցմանը:
Իր նախկին որոշումներից մեկում կառավարությունը կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք հնարավորություն կտան վերանայել գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի անկատար դրույթները և նպատակային բարեփոխում իրականացնել համակարգում:
Գործադիրը հավանություն է տվել «ԱՊՀ տարածաշրջանի հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծման օժանդակություն» 2015թ. ծրագրին, որի նպատակն է Հայրենիք-Սփյուռք հուսալի և արդյունավետ կապերի ամրապնդումը, հայոց լեզվի իմացության ու կիրառման խրախուսումը, կրթական, մշակութային և հայագիտական օջախների գործունեության խթանումը:
Այլ հարցեր
Կառավարության որոշմամբ 2014թ. չորրորդ եռամսյակի ընթացքում օտարերկրյա պետություններում սիրիահայերին տրված 277 անձնագրի դիմաց չգանձված պետտուրքը փոխհատուցելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է մոտ 16.5 մլն դրամ:
Գործադիրը որոշել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ ՀՀ ազգային հավաքական թիմերի երկու անդամի և մեկ դպրոցականի: