Լուրեր
Հարգանքի տուրք` Զորավար Անդրանիկի հիշատակին
25.02.2015
Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-րդ տարեդարձի առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, քաղաքապետի տեղակալների, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների, քաղաքապետարանի աշխատակազմի այլ պաշտոնյաների, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի, վարչության այլ անդամների ու բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելել են Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Զորավարի հիշատակին: Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային-ազատագրական պայքարի բոլոր նվիրյալ նահատակների հոգիների հանգստության համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ծաղիկներ են դրել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին և Անհայտ զինվորի հուշաքարին:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ բոլոր հայրենակիցներին շնորհավորել է Զորավարի ծննդյան օրվա կապակցությամբ և ընդգծել, որ Անդրանիկը նախ և առաջ ազգային նվիրյալի այն կերպարն է, որը մշտապես ոգեշնչել ու ոգեշնչում է սերունդներին:
«Այն ոգին, որ Զորավարը փոխանցել է մեր սերունդներին, այսօր առկա է սահմանը պահող մեր զինվորների մեջ: Նույն այդ ոգով մեր փառապանծ ազատամարտիկներն ազատագրեցին Արցախը ու նրանցից շատերն այսօր հանգչում են հենց այստեղ՝ Եռաբլուրում: Եվ Զորավարի այն պատգամը, որ մենք լինենք միասնական ու սիրենք մեր հայրենիքը, մենք պարտավոր ենք փոխանցել նաև մեր զավակներին», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: