Լուրեր

Խորհրդարանը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը

24.02.2015

 ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 24-ին շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:

Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ նիստին հետեւող Հյուսիսային համալսարանի դասախոսներին եւ ուսանողներին:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղեկացրել է, որ տեղի է ունեցել հաշվիչ հանձնաժողովի նիստ, եւ հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սուքիաս Ավետիսյանը, իսկ քարտուղար՝ Թեւան Պողոսյանը:

ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ Դավիթ Քոչարյանը իր գրավոր դիմումի համաձայն դուրս է եկել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից:

Այնուհետեւ խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ դրանով պայմանավորված մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը եւ վավերացրել է 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը:

Խորհրդարանը շարունակել է քննարկել ԱԺ հայտարարության նախագիծը

Խորհրդարանն այնուհետեւ շարունակել է քննարկել ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Լեւոն Զուրաբյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամի մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:

Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են շարունակել ներկայացնել ԱԺ պատգամավորները:

Վարդան Այվազյանն անդրադարձել է երկրում առկա տնտեսական խնդիրներին եւ ներկայացրել համախառն ներքին արդյունքի ցուցանիշներով Հայաստանի արձանագրած առաջընթացը: Սամվել Ֆարմանյանն էլ նկատել է, որ երկրում առկա ճգնաժամը քաղաքական չէ, ըստ նրա՝ այն կառավարման համակարգում է: Նրա կարծիքով եւս երկրում կան լրջագույն խնդիրներ, որոնց իշխանությունը փորձում է լուծումներ տալ:

Հարցի կապակցությամբ արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Անդրադառնալով ԱԺ հայտարարության նախագծին՝ ԱԺ փոխնախագահը կարծիք է հայտնել, որ ընդդիմությունը չունի կոնկրետ գործողության ծրագիր, չկա ճանապարհային քարտեզ՝ առաջացած խնդիրները լուծելու համար:

Տիկին Նաղդալյանը ճգնաժամի մասին խոսող ոչ իշխանական ուժերին առաջարկել է ներկայացնել առաջարկներ: Ըստ Հերմինե Նաղդալյանի՝ հաջողության հասնելու համար ընդդիմությունը քննադատությունից հետո պետք է առաջարկի հարցի լուծման իր տարբերակը: Փոխնախագահի խոսքով ՝ մեր երկրում առկա են քաղաքական, տնտեսական, արտաքին խնդիրներ, որոնք պետք է համատեղ քննարկել եւ գտնել լուծումներ: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, խոսել ներդրումների ծավալից:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության տեսակետն է ներկայացրել խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Նա ներկայացրել է իր կարծիքով, երկրում առկա քաղաքական ճգնաժամը, խոսել առկա սոցիալական, տնտեսական մարտահրավերներից: Նրա կարծիքով ՝ պետք է իրականացնել բաց քննարկում, երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից:

«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արծվիկ Մինասյանը: Պատգամավորի կարծիքով՝ քննարկումը պետք է առաջարկի ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր: Նրա դիտարկմամբ՝ երկրում իրոք առկա է կոռուպցիա եւ մենաշնորհ, ընտրական համակարգի նկատմամբ եւս կա անվստահություն: Արծվիկ Մինասյանը նշել է, որ առկա է համակարգային ճգնաժամ, որը պետք է ճիշտ ախտորոշել եւ գտնել ելքեր:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն անդրադարձել է երկրում առկա սոցիալական իրավիճակին, արտագաղթին, նաեւ երկրում կիրառվող հարկային քաղաքականությանը, որի հետեւանքով, ըստ պատգամավորի, բազմաթիվ փոքր եւ միջին ձեռնարկություններ փակվում են, մարդիկ ստիպված լքում են երկիրը: Պատգամավորը խոսել է նաեւ դատական իշխանության, մարզերում առկա ծանր սոցիալական խնդիրներից:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադառնալով երկրում առկա սոցիալական ծանր վիճակին, նկատել է, որ պետք է իրողության հետ հաշվի նստել, գնահատել իրավիճակը եւ գտնել լուծումներ: Նա դրական է գնահատել քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացում վերջին շրջանում նկատելի առաջընթացը: Պատգամավորն անդրադարձել է արտագաղթին, գործազրկությանը, դատական իշխանությանը:

«Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դիտարկմամբ՝ ԱԺ հայտարարության նախագծում չկա որեւէ սկզբունք:

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ երկրում առկա են խնդիրներ եւ դրանց լուծման համար անհրաժեշտ է համատեղ քննարկել եւ գտնել լուծման մեխանիզմներ: Նրա կարծիքով՝ երկիրը կարիք ունի լուրջ ինստիտուցիոնալ ընդդիմության: Նա պատրաստակամություն է քննարկել խնդիրները ընդդիմադիր ուժերի հետ, եթե վերջինները հանդես գան առաջարկներով:

← Վերադառնալ ցուցակին