Լուրեր

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀԿ ԿԱՆԱՆՑ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՈՒ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՏԻՎԻ ՀԵՏ

21.02.2015

 Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակներում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի անդամների և տարածքային ու շրջանային կազմակերպությունների ակտիվի հետ:

Ավանդական դարձած այս սեմինարի ժամանակ կուսակցական կանայք ամփոփել են 2014թ. խորհրդի և տարածքային կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքները, կուսակցության նախագահին զեկուցել դրանց արդյունքները, որից հետո քննարկել են 2015թ. ընթացիկ աշխատանքներն ու կանանց խորհրդի առջև դրված խնդիրները:

Հանրապետական կուսակցության անդամ կանայք խնդրել են Նախագահին իրենց հետաքրքրող կարևոր և արդիական մի շարք հարցերի վերաբերյալ ներկայացնել իր տեսակետներն ու դիրքորոշումները: Հարցերը վերաբերել են ինչպես կուսակցական, կազմակերպական, այնպես էլ հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության օրակարգի արդիական հարցերին՝ Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու՝ Հանրապետության Նախագահի որոշմանը, տարածաշրջանային մարտահրավերներին, մեր երկրի անվտանգությանը, պաշտպանությանը, սահմանադրական բարեփոխումների գործընթացին և այլն:

Հանդիպման ավարտին Նախագահը կուսակցության պատվոգրեր ու շնորհակալագրեր է հանձնել անցյալ տարվա ընթացքում առավել ակտիվ աշխատանքով աչքի ընկած կուսակցական կանանց:

 

← Վերադառնալ ցուցակին