Լուրեր

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ-ի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

17.02.2015

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է Ռիչարդ Միլսին ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնն ստանձնելու առթիվ ու համոզմունք հայտնել, որ իր գործունեությամբ դիվանագետը կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների էլ ավելի խորացմանը: Վարչապետը կարևորել և բարձր է գնահատել ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը, քաղաքացիական հասարակության կայացմանը, բարեփոխումների իրականացմանը և տնտեսական զարգացմանը:
Դեսպան Միլսը հավաստիացրել է, որ պաշտոնավարման ընթացքում ներդնելու է առավելագույն ջանքերը՝ մինչ օրս կատարված աշխատանքի արդյունքում արձանագրված լուրջ ձեռքբերումները պահպանելու և երկկողմ գործակցությունն ավելի ամրապնդելու համար: ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանի խոսքով՝ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցության մակարդակը և կարևորում է փոխհարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության օրակարգին և առաջնահերթություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Տնտեսական կապերի սերտացման համատեքստում երկուստեք կարևորվել է բարեփոխումների իրականացման, ներդրումների ներգրավման, գործարար միջավայրի բարելավման, արտահանման խթանման ուղղությամբ համագործակցության խորացումը, ինչպես նաև էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում ծրագրերի իրականացումը: Այս առումով ընդգծվել է Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան հանձնաժողովի դերը:
Հովիկ Աբրահամյանն ու Ռիչարդ Միլսն անդրադարձել են մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման և քաղաքացիական հասարակության կայացման հարցերին: Դեսպան Միլսի խոսքով՝ ժողովրդավարության ամրապնդման և քաղաքացիական հասարակության կայացման ցուցանիշը Հայաստանում բարձր է, և ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ իշխանությունների կողմից այս ուղղությամբ կատարվող քայլերը: Վարչապետը նշել է, որ կառավարությունն ակտիվ համագործակցում է քաղաքացիական հասարակության տարբեր խմբերի, հասարակական կազմակերպությունների հետ և շահագրգռված է հասարակական կարևոր խնդիրների քննարկման գործընթացներում նրանց ներգրավմամբ:
Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային իրավիճակին, զարգացումներին և այդ համատեքստում կարևորվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը:
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը ևս մեկ անգամ վերահաստատել են երկկողմ պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը շարունակելու և հայ-ամերիկյան կապերն ավելի սերտացնելու ուղղությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին