Լուրեր
Գալուստ Սահակյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը
16.02.2015
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 16-ին ընդունել է պաշտոնական այցով Երեւան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան կնպաստի երկու երկրների միջպետական հարաբերությունների եւ հատկապես միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը: Ըստ ԱԺ նախագահի՝ հայ-վրացական հարաբերությունները կառուցված են հսկայական ժառանգության վրա եւ ուրախալի է, որ այդ ժառանգությունը մշտապես համալրվում է: Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանի իշխանություններն անկախության վերականգնման առաջին իսկ օրերից մեծ կարեւորություն են տվել Վրաստանի հետ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ առաջիկայում եւս կշարունակվեն երկու երկրների միջեւ արդյունավետ շփումները, կգտնվեն նոր ուղիներ բազմաբնույթ հարաբերությունների սերտացման համար: Ըստ խորհրդարանի ղեկավարի՝ թեեւ միջազգային մի շարք հարցերում երկու երկրներն ունեն որոշ առումներով տարբերվող մոտեցումներ, սակայն տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդման նպատակով Հայաստանը եւ Վրաստանը պարտավոր են հանդես գալ միասնաբար՝ փորձելով համատեղ ջանքերով դիմագրավել ընդհանուր մարտահրավերները: Այս առումով Գալուստ Սահակյանն անհրաժեշտ է համարել առավել խորացնել համագործակցությունը հատկապես միջազգային խորհրդարանական կառույցներում:
ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ մարտի 16-ից 18-ը Երեւանում անցկացվելու է Եվրանեսթ միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը եւ նշել, որ ակնկալում է վրացի գործընկներների ակտիվ մասնակցությունը նիստին:
Խոսելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից՝ ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ այն Հայաստանի համար առեւտրատնտեսական նոր հնարավորություններ է բացում դեպի մեծ շուկա: «Այսօր Հայաստանի եւ Վրաստանի համար ստեղծվել է բացառիկ հնարավորություն: Մենք ունենք աննախադեպ պայմաններ` եվրասիական եւ եվրոպական առեւտրային հնարավորություններից միաժամանակ օգտվելու համար: Մեր երկրների քաղաքական որոշումների եւ աշխարհագրական բարենպաստ դիրքի շնորհիվ երկու երկրների արտադրողների համար ստեղծվել է հնարավորություն` ունենալ արտադրություն բարեկամ երկրում եւ միաժամանակ ներկայացված լինել եվրոպական կամ եվրասիական շուկաներում»,-նշել է խորհրդարանի ղեկավարը: Ըստ Գալուստ Սահակյանի՝ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին որեւէ կերպ չի կարող խոչընդոտել հարեւան բարեկամ երկրների հետ հարաբերությունների զարգացմանը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ արդեն 20 տարուց ավելի հակամարտության արդար եւ խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը վիժեցվում են Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության պատճառով: Ըստ ԱԺ նախագահի՝ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչող ռազմատենչ հայտարարություններին ու տարաբնույթ սպառնալիքներին միջազգային պատշաճ գնահատական չի տրվում: 2015 թվականը դեռ նոր է սկսվել, սակայն Ադրբեջանը շարունակում է իր արկածախնդրությունները` մշտապես խախտելով հրադադարի ռեժիմը եւ ձեռնարկելով դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ուղեկցվում են մարդկային զոհերով:
Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ՝ Գալուստ Սահակյանն այն համարել է մարդկության դեմ գործված հանցագործություն, որն, ավաղ, մինչ օրս պատշաճ գնահատականի չի արժանացել: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ 2015 թվականի ապրիլին վրացի գործընկերները կմասնակցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Երեւանում կայանալիք միջոցառումներին:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նույնպես կարեւորել է Հայաստանի հետ համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: Նա նշել է, որ Հայաստանի եւ Վրաստանի ընտրած ինտեգրման տարբեր ուղիները չպետք է խոչընդոտեն երկու երկրների հարաբերությունների զարգացմանը, ընդհակառակը, երկու պետությունները պետք է կարողանան դա օգտագործել ի շահ երկու երկրների եւ ժողովուրդների: Պարոն Ուսուպաշվիլին կարեւորել է տարածաշրջանում բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով, որ խաղաղության պետք է հասնել ոչ թե պատերազմի միջոցով, այլ բանակցությունների ճանապարհով: Նա պատրաստակամություն է հայտնել միջազգային խորհրդարանական հարթակներում խորացնելու համագործակցությունը: Նա նաեւ անդրադարձել է վիրահայերի խնդիրներին:
Վրաստանի խորհրդարանի նախագահը իր ցավակցությունն է հայտնել հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին՝ Դավիթ Ուսուպաշվիլին վստահեցրել է, որ այդ օրերին Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը կգտնվի հայ ժողովրդի կողքին:
Հանդիպման ավարտին Դավիթ Ուսուպաշվիլին գրառում է կատարել ԱԺ Պատվավոր հյուրերի գրքում:
Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները հանդիպման արդյունքների վերաբերյալ մանրամասներ են ներկայացրել լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ուղեկցությամբ Դավիթ Ուսուպաշվիլին շրջել է ԱԺ նիստերի դահլիճում, որից հետո էլ խորհրդարանի բակում տեղի է ունեցել ծառատունկի արարողություն: Տնկվող եղեւնին խորհրդանշում է երկու երկրների միջխորհրդարանական բարեկամությունը: