Լուրեր
Կայացել է Երևան քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը
03.02.2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախագահությամբ կայացել է Երևան քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը, որի շրջանակում քննարկվել են կազմակերպչական մի շարք հարցեր:
Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ հանձնաժողովին կից ստեղծված աշխատանքային խմբում շարունակվում են քննարկվել բոլոր այն առաջարկները, որոնք ներկայացվել են հանձնաժողովին: Նաև զեկուցվել է, որ ներկայացված առաջարկների մի մասը հիմնականում ընդունվել է ի գիտություն և ներառվել նախատեսվող միջոցառումների ցանկում, իսկ վարչական շրջանների ներկայացրած ծրագրերը գտնվում են քննարկման փուլում:
Հաշվի առնելով օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների և հազարավոր հյուրերի սպասվող այցը Երևան` քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է արդեն իսկ սկսել մայրաքաղաքում հավուր պատշաճի տեսք ապահովելու ուղղությամբ նախատեսված բարեկարգման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է նաև Երևան քաղաքի ոստիկանության և ՃՈ-ի հետ համատեղ քննարկել ապրիլի 23-ին և 24-ին նախատեսված գեղարվեստական միջոցառումների, երթերի սպասարկման ժամանակացույցերն ու քաղաքացիների անվտանգության ապահովման հարցերը:
Նիստի ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանին հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել մայրաքաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների և դրանց տեղանքների հստակ ժամանակացույցը: