Լուրեր
Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման ուղիները
03.02.2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանային տնօրեն Կլաուս Գերհաուզերի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը կարևորել է համագործակցությունը Ասիական զարգացման բանկի հետ և նշել, որ բանկի հետ իրականացվող բոլոր ծրագրերը գտնվում են իր մշտական ուշադրության և հսկողության ներքո: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը շեշտել է դոնորների ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը և նշել, որ հստակ հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին՝ բոլոր ծրագրերն արդյունավետ իրականացնելու համար:
Իր հերթին, Կլաուս Գերհաուզերը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել Հովիկ Աբրահամյանին լիակատար փոխըմբռնման և փոխգործակցության համար: Պարոն Գերհաուզերը տեղեկացրել է, որ ԱԶԲ ղեկավարության միաձայն հավանությանն է արժանացել Հայաստանի հետ համագործակցության հնգամյա ծրագիրը, որը մատնանշում է երկկողմ գործակցության ուղղությունները և համահունչ է Հայաստանի զարգացման համար հաստատված առաջնայնություններին: Փաստաթղթով նախանշվում են քաղաքային կայուն զարգացման ծրագրի, տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերն ու հնարավոր նախագծերը:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքին, քաղաքային կայուն զարգացման ծրագրին, դպրոցների սեյսմիկ անվտանգության ապահովման ուղղությամբ հնարավոր գործակցությանը, համայնքային ճանապարհների վերանորոգմանը, ԱԶԲ-ի հետ համատեղ կազմակերպվելիք միջազգային ներդրումային համաժողովին, ԱԶԲ-ի կողմից տրամադրվող տեխնիկական օժանդակությանն առնչվող հարցեր:
Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Կլաուս Գերհաուզերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին: Կլաուս Գերհաուզերը նշել է, որ արձանագրվող տնտեսական իրավիճակը պայմանավորված է համաշխարհային և գլոբալ տնտեսության մեջ ծագած խնդիրներով և ավելացրել, որ ԱԶԲ-ն պատրաստ է օժանդակելու ՀՀ կառավարությանը՝ հնարավոր մարտահրավերներին դիմագրավելու համար: