Լուրեր

ՀՀԿ կանանց խորհրդի այցն Արմավիրի մարզ

30.12.2014

ՀՀԿ կանանց խորհուրդը՝ հավատարիմ մնալով իր առաքելությանը, 2014թ դեկտեմբերի 29-ին կատարեց իր հերթական այցելությունը Արմավիրի մարզ: Թվում էր թե տարեմուտն է մոտենում և առիթը ուրախալի պետք է լիներ, բայց…

Այցելության նպատակը որդեկորույս մայրերին սատարելն էր, որոնց զավակները զոհվել էին 2014թ օգոստոսին, մեր հայրենիքի սահմանները պաշտպանելիս: Առաջին կանգառը Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքում էր: Այստեղ էր ծնվել ու մեծացել Արարատ Խանոյանը, որը միշտ աչքի է ընկել աշխատասիրությամբ և բարի վարմունքով:Բարությամբ և խաղաղությամբ համակված էր տունը, ընտանիքը: Արարատի ծնողները երախտագիտությամբ ընդունեցին տիկին Հերմինե Նաղդալյանին և ՀՀԿ կանանց խորհրդի մյուս անդամներին: Ընդունելությունը շատ ջերմ էր ու բարեկամական, քանի որ այցելությունն այս ընտանիք առաջին անգամ չէր: Արարատի մայրը տիկին Անահիտը մորմոքը սրտում չէր կորցրել հավատը ապրելու, արարելու նկատմամբ և որդու հիշատակը վառ պահելու համար անհրաժեշտ է չչարանալ աշխարհի ու մարդկանց հանդեպ, շարունակել ապրել ու հիշել նրան…

Տիկին Նաղդալյանը հետաքրքրվեց ընտանիքի նիստուկացով, խնդիրներով և դժվարություններով: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագայում հանդիպել օգնելու, մասնավորապես բժշկական ծառայությունից օգտվելու համար:

Հաջորդ կանգառը Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում էր: Այստեղ՝ Գրիգորյանների ընտանիքում էր մեծացել հայրենիքի զինվոր, կադրային սպա Գոռ Գրիգորյանը, որը կրողն էր Նժդեհյան գաղափարախոսության ՙ,,Դժբախտություն չէ չհասկանալ, թե մի օր ոչնչի համար մեռնելուց գերընտրելին մի բանի համար մեռնելն է,, :Սերը սեփական հողի նկատմամբ դրդել էր նրան զինվոր դառնալ: Ավարտելով Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հպարտությամբ և առանձնակի նվիրումով էր կատարում իր աշխատանքը՝ հայրենիքի պաշտպանությունը: Ազատամարտիկ Բաբկեն Գրիգորյանի որդին ոգով ազատամարտիկ էր, առաջնորդ ու հրամանատար: Նա չէր կարող թույլ տալ, որ թշնամին ոտք դներ այն հողի վրա, որի յուրաքանչյուր մետրի համար ժամանակին կռվել էր իր հայրը: Կարծես ժամանակը կանգ էր առել, օգոստոսից մինչև դեկտեմբեր թվում էր ակնթարթ է ընդամենը: Գոռի ընտանիքում չէին սպասում կանանց խորհրդի այցելությանը: Այցելությունը կրկին անգամ հաստատեց, որ ՀՀԿ կանանց խորհուրդը տիկին Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ հայ կնոջ, հայ մայրերի կողքին է:

ՀՀԿ կանանց խորհուրդը շարունակվում է այցելությունները նաև Լոռու, Տավուշի և Արագածոտնի մարզերում բնակվող զոհված ազատամարտիկների ընտանիքներին:

 

 

← Վերադառնալ ցուցակին