Լուրեր

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ՏԻԿԻՆ ՌԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳԱԼԻՔ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԵՆ ԲԱԶՄԱԹԻՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ

25.12.2014

 Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այսօր հյուրընկալել են զոհված և հաշմանդամ դարձած բազմաթիվ ազատամարտիկների, արցախյան ազատամարտի մասնակից վետերանների և զինծառայողների երեխաների ու թոռնիկների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ինչպես նաև սահմանափակ կարողություններով (հաշմանդամ) երեխաների:

Հանրապետության Նախագահն իր և տիկին Ռիտա Սարգսյանի անունից տոների կապակցությամբ ջերմորեն շնորհավորել է միջոցառման մասնակիցներին ու բոլոր երեխաներին, բարեմաղթանքներ հղել նրանց. «Սիրելի՛ երեխաներ, ես շատ ուրախ եմ, որ դուք երգով, պարով, խաղերով եք հրաժեշտ տալիս անցնող տարվան, և ձեր այս ուրախությունը նոր շունչ է հաղորդում այս շենքին, այս պատերին: Այդ շունչը տևական ժամանակ թևածելու է այս շենքում: Մենք շատ հաճախ ենք Նախագահի նստավայրում ընդունում երեխաների, այդ թվում՝ դպրոցականների և հատկապես նրանց, ովքեր իրենց ուսմամբ ու վարքով բարձրացնում են մեր երկրի հեղինակությունը, օրինակ` դպրոցական միջազգային առարկայական օլիմպիադաներում շահում են մրցանակներ: Ես վստահ եմ, որ ձեզնից շատ-շատերը տարիներ հետո գալու են այս շենք՝ որպես հաղթող երեխաներ, գալու են, որպեսզի ստանան երիտասարդ գիտնականների, երիտասարդ ստեղծագործողների համար սահմանած ՀՀ Նախագահի մրցանակները:

Միշտ հիշեք, սիրելի՛ երեխաներ, որ ամեն ինչ լավ է լինելու, դուք կարողանալու եք ամեն ինչ հաջողությամբ ավարտին հասցնել, միայն այդ ամենը պետք է անեք ուրախությամբ և սիրով. ուրախությամբ պետք է խաղաք, ուրախությամբ պետք է սովորեք, ուրախությամբ պետք է ընկերություն անեք և այդ դեպքում միշտ հաջողություն եք ունենալու: Ուզում եմ, որպեսզի դուք լիաթոք ապրեք, ուզում եմ, որպեսզի ձեր ամեն օրը լինի ուրախությամբ լեցուն, որ լավ ընկերներ ունենաք, ուզում եմ, որ ուրախացնեք ձեր ծնողներին, ձեր տատիկներին, պապիկներին: Դո՛ւք եք մեր երկրի հույսը, մեր երկրի ապագան: Ուզում եմ, որպեսզի 2015թ. դուք շատ ավելի մեծ հաջողություններ ունենաք, ուզում եմ, որ 2015թ. ձեր ծնողները ձեզ ավելի շատ գովեն լավ վարքի, լավ սովորելու համար: Ես և տիկին Ռիտան շնորհավորում ենք ձեր Նոր տարին և ցանկանում ենք, որ գալիք տարին լինի շատ ավելի լավը ձեզ համար, քան դուք եք պատկերացնում:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

← Վերադառնալ ցուցակին