Լուրեր

Քաղաքապետի պատվոգրեր՝ «Երգը բարեկամության կամուրջ է» փառատոնի հաղթողներին

20.12.2014

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի 3-րդ փառատոնում հաղթող ճանաչված աշակերտներին ու ժյուրիի անդամներին: Հարկ է նշել, որ փառատոնի շրջանակում Երևան քաղաքի դպրոցների շուրջ 1117 աշակերտներից քաղաքային փուլին մասնակցելու համար ընտրվել էին 45-ը, որոնցից հաղթող են ճանաչվել 18-ը: Շնորհավորելով տաղանդաշատ փոքրիկներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է նրանց նորանոր հաջողություններ: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նաև փառատոնի ժյուրիի անդամներին՝ անաչառ աշխատանքի համար:
«Այն ոգևորությունն ու մեծ պատասխանատվությունը, որ դրսևորեցիք փառատոնի ընթացքում, ցանկանում եմ, որ ուղեկցի ձեզ ողջ կյանքում: Վստահ եղեք, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում մշտապես աջակցելու է նման նախաձեռնություններին ու լինելու է տաղանդաշատ երեխաների կողքին»,- ընդգծել է քաղաքապետը:
Փառատոնի քաղաքային փուլի հանձնաժողովում անկողմնակալ աշխատանքի համար ժյուրիի անդամները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրով, իսկ հաղթող ճանաչված աշակերտներն արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի: Շնորհակալություն հայտնելով գնահատանքի ու ջերմ ընդունելության համար՝ ժյուրիի անդամներն ու փառատոնի մասնակիցները նկատել են, որ քաղաքապետի հետ հանդիպման այս օրը կդառնա հիշարժան ու կլինի պարտավորեցնող նորանոր ձեռքբերումներ գրանցելու համար:

← Վերադառնալ ցուցակին