Լուրեր
Վարչապետը շնորհավորել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ
20.12.2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով ԱԱԾ-ի աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ՝ վարչապետը նշել է. «Այս օրը միավորում է բոլոր նրանց, ովքեր ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը համարում են իրենց սրբազան պարտքը երկրի և ժողովրդի առջև: Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետականության անվտանգ գոյության ապահովման կարևորագույն կառույցներից է: Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո վերաիմաստավորվեց նաև Ազգային անվտանգության ծառայության դերն ու ընկալումը հասարակության մեջ` ազգային անվտանգության ապահովմանն առնչվող խնդիրներից բացի ներառելով նաև քաղաքացու` սահմանադրորեն ամրագրված իրավունքների իրական պաշտպանի գործառույթը: Այն ազգային անվտանգության ապահովման ամենակարևոր տարրերից է, որը համահունչ է մեր երկրում իրականացված լայնածավալ ժողովրդավարական գործընթացներին: Ծառայության նկատմամբ հասարակության վերաբերմունքն ու վստահությունն արդյունավետ գործունեության լավագույն երաշխիքն են:
Գոհունակությամբ եմ նշում, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն արդեն տարիներ շարունակ պատվով է իրականացնում իր առջև դրված խնդիրները՝ ժամանակին արձագանքելով ներքին և արտաքին սպառնալիքներին և աշխարհաքաղաքական արագ փոփոխվող իրավիճակների արդյունքում մեր երկրի առջև ծագող տարաբնույթ մարտահրավերներին:
Վստահ եմ, որ ձեր կուտակած հարուստ փորձն ու մասնագիտական հմտությունները դուք կշարունակեք ծառայեցնել Հայաստանի Հանրապետության ազգային շահերի ապահովմանը, մեր պետականության հետագա ամրապնդմանն ու հզորացմանը»:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ԱԱԾ-ի աշխատակիցների սոցիալական խնդիրները և հետևողականորեն շարունակելու է դրանց բարելավմանն ուղղված քաղաքականությունը:
ՀՀ ազգային անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների և օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում նշանակալի ձեռքբերումների համար, ինչպես նաև ՀՀ-ում ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի հակահետախուզության գլխավոր վարչության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Արսեն Չատինյանը և ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր, փոխգնդապետ Խաչատուր Խաչատրյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով, իսկ ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ, փոխգնդապետ Վահե Պապոյանը և ՀՀ պետական պահպանության ծառայության կրտսեր տեսուչ, ենթասպա Գագիկ Հարությունյանը՝ խրախուսվել ՀՀ վարչապետի շնորհակալագրով: