Լուրեր

ՀՀ վարչապետ. «Կառավարությունն անհիմն թանկացում չի հանդուրժելու»

18.12.2014

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը, վարչապետը հակիրճ անդրադարձել է ֆինանսական շուկայի իրավիճակին. «Ցանկանում եմ տեղեկացնել, որ երեկ ես հանդիպում եմ ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների, համապատասխան գերատեսչությունների և տնտեսվարողների հետ: Մեր միջազգային գործընկերներն ամբողջովին աջակցում են արտաքին շոկերով պայմանավորված փոխարժեքի սուր տատանումների իրավիճակում ֆինանսական շուկայի կայունացման մեր քայլերին: Երեկ օրվա երկրորդ կեսից և այսօր ֆինանսական շուկայում նկատվում է կայունացման միտում, որը վստահ եմ՝ շարունակվելու է: Սակայն մենք անհանգստացած ենք փոխանակման կետերում գնման և վաճառքի մեծ մարժաներով և սպառողական շուկայում տեղի ունեցող որոշ գործընթացներով: Մասնավորապես, երեկ շաքարի, ալյուրի և լայն սպառման մի շարք ապրանքների գծով ակնհայտ գների բարձրացում կար: Ես առաջարկում եմ պարոն Շաբոյանին, որ ՏՄՊՊ հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրի այս ապրանքատեսակների առևտուրը և ինձ տեղեկություն ներկայացնի ամենօրյա կտրվածքով: Հորդորում եմ Ձեզ ամենայն խստությամբ մոտենալ այս չարաշահումներին: Կառավարությունն անհիմն թանկացումները չի հանդուրժելու»:
Վարչապետը ՀՀ առողջապահության նախարարին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել դեղորայքի շուկայի իրավիճակը, որին հետևելու հանձնարարական են ստացել նաև պատկան մարմինները՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում այդ ոլորտում:
Հաստատելով նիստի օրակարգը, կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը:


2015թ. հունվարի 1-ից կսկսվի սահմանամերձ համայնքների աջակցության ծրագիրը


ՀՀ կառավարությունը հաստատել է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 32 համայնքների ցանկը, նշված համայնքներին տրվող սոցիալական աջակցության տրամադրման կարգը: Առաջարկվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին 2015թ. հունվարի 1-ից մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում աջակցություն ստացող համայնքների բնական գազ սպառող բնակիչ-բաժանորդներից մինչև 360 խոր. մետր բնական գազի քանակության վճարումը գանձել հաստատված սակագնից նվազեցված գնով՝ 50 տոկոսի չափով (ներառյալ ԱԱՀ-ն), ընդ որում, գանձվող գնի տարբերության գումարը կփոխհատուցվի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին առաջարկվել է նույն ժամանակահատվածում էլեկտրաէներգիա սպառող բնակիչ-բաժանորդներից մինչև 1440 կՎտ էլեկտրաէներգիայի համար վճարումը գանձել հաստատված սակագնից նվազեցված գնով՝ 50 տոկոսի չափով (ներառյալ ԱԱՀ-ն), ընդ որում, գանձվող գնի տարբերության գումարը կփոխհատուցվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին:
Գործադիրը սահմանել է, որ 2015թ. հունվարի 1-ից մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում սահմանամերձ համայնքների ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց օգտագործած ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարի 50 տոկոսը կփոխհատուցի ՀՀ կառավարությունը: Նաև սահմանվել է, որ նշված համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարը հարկ վճարող անձանց անունից համապատասխան համայնքի բյուջե կվճարի ՀՀ կառավարությունը:
Որոշման գործողությունը տարածվում է 2015թ. հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ 2015թ. պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները և բյուջեի կատարումն ապահովող միջոցառումները: Համամասնությունների հիմքում դրվել են ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 4-ի նիստում կառավարության անդամներին ներկայացված սկզբունքները: Որոշման նպատակն է ապահովել պետբյուջեի կատարման կազմակերպումը՝ պետական կառավարման մարմիններին տրվող հանձնարարականների միջոցով: Կառավարության ղեկավարը կառավարության անդամներին, գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ը ավարտել պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվելիք գնումների, պլանների կազմումը և ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն, որտեղից որոշման նախագծի լրամշակված տարբերակը կներկայացվի ՀՀ կառավարության աշխատակազմ:


Կկազմակերպվի տարեցների պատշաճ խնամքը

Նկատի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության կառավարությունների միջև Քուվեյթի կառավարության կողմից Երևանի N 1 տուն-ինտերնատի տարածքում անկողնային խնամք ստացող անձանց սպասարկման նպատակով կառուցվելիք նոր մասնաշենքի շինարարական աշխատանքի կատարման պայմանագրով նախատեսված է ամբողջ ծրագիրը բարեգործական ճանաչելու պայմանը, ՀՀ կառավարությունը շուրջ 50 մլն դրամով ավելացրել է նշված փաստաթղթի գինը: Տարեցների համար առանձնացված բաժանմունքի ստեղծումը հնարավորություն կտա անկողնային հիվանդներին մատուցել խնամքի և սպասարկման ծառայություններ:
ՀՀ զինված ուժերի զինծառայողների պատշաճ բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու և այդ նպատակով «բրենդային» դեղորայք ձեռք բերելու համար կառավարությունը ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացրել է մոտ 62 մլն դրամ:
Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով կառավարությունն հատկացրել է մոտ 14 մլն դրամ:
Կառավարության որոշմամբ Երևանի Հալաբյան 38/7 հասցեում գտնվող հողատարածքի մի մասը հանձնվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմին: Այդ տարածքում Համաշխարհային բանկից ֆինանսավորվող վարկային ծրագրով կառուցվելու է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ճառագայթային բուժման մասնաշենքը: Մեկ այլ որոշմամբ մոտ 12 մլն դրամ է հատկացվել «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական Հ/Կ-ի կողմից բարեգործական ծրագրով իրականացվող անվճար ատամնաբուժական ծառայությունների համար հաշվարկվող արտոնագրային վճարները փոխհատուցելու համար:
Շախմատի 2013թ. պատանիների աշխարհի առաջնությունում, 2014թ. աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում և պատանեկան օլիմպիական խաղերում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացվել է մոտ 69 մլն դրամ:
Գործադիրը հաստատել է պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների փոփոխության նպատակով ըստ մասնագիտության և տարածքի աշխատանքի շուկայի վերլուծության իրականացման կարգը: Միաժամանակ նախատեսվել է, որ գործատուի կողմից վարձու աշխատողի վերաբերյալ անձնավորված հաշվառման շտեմարան ներկայացվող տվյալներում ավելացվի նաև աշխատողի մասնագիտությունը:
Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը երկրի յոթ մարզերում կառուցված ջրամատակարարման, ոռոգման, փողոցային լուսավորության համակարգերը, գազատարները, համայնքային կենտրոնները, մանկապարտեզները, հակակարկտային կայաններն ու այլ օբյեկտները նվիրաբերել է համայնքներին, այնուհետև՝ ոլորտային լիազոր մարմինների ղեկավարությամբ գործող կառույցներին:


Սահմանվել են մաքսային հայտարարագրերի պարզեցված ձևեր


ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ մաքսային սահմանով փոստային կապի ազգային (նշանակված) օպերատորի միջոցով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումով Համաշխարհային փոստային միության իրավական ակտերով սահմանված առաքողի մաքսային հայտարարագրի պարզեցված ձևերը: Դրանց մշակումը պայմանավորված է «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ս.թ. մայիսի 30-ի օրենքի ընդունմամբ:
Նիստում հավանություն է տրվել բյուջետային ծրագրերի նկարագրերի (անձնագրերի) ստեղծման ժամանակացույցին: Բյուջետային ծրագրի նկարագիրը (անձնագիրը) մի գործիք է, որն հնարավորություն է տալիս ի մի բերել և ներկայացնել տվյալ ծրագրի ծախսերի պլանավորման և կատարողականի գնահատման համար անհրաժեշտ բոլոր կարևորագույն ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշները և թիրախները: 2010թ. սկսած ՀՀ ֆինանսների նախարարության առաջնորդությամբ առանձին գերատեսչություններ փորձարարական կարգով արդեն կազմել են 35 բյուջետային ծրագրի նկարագիր, որից 25-ը հրապարակված է նախարարության կայքում, 10-ն էլ կհրապարակվի:
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և KfW բանկի միջև «Համատեղված ջրային պաշարների կառավարում/Ախուրյան գետ 1-ին փուլ» 50 մլն եվրո արժողությամբ վարկային և 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագրերի նախագծերին: Տրամադրվող միջոցներն ուղղվելու են Կապսի ջրամբարի վերականգնմանը և ենթակառուցվածքների վերազինմանը: Միջոցները տրամադրվելու են 15 տարի մարման ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ:


Ստեղծվել է Հայաստանի զարգացման հիմնադրամ


ՀՀ կառավարությունը որոշել է Արդյունաբերության զարգացման հիմնադրամը և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով Հայաստանի զարգացման հիմնադրամ: Վերջինիս հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության, որի լիազորված մարմինն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Հաստատվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի կանոնադրությունը, նշանակվել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Որոշման ընդունումը թույլ կտա առավել համակարգված իրականացնել երկրի տնտեսության զարգացմանն ու մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրերը, առավել նպատակային ծախսել ֆինանսական միջոցները:
Կառավարությունը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն է տրամադրել «Լիֆտտեխնիկ» ՍՊԸ-ին՝ մարդատար վերելակների նախագծման, վերելակների և կառավարման էլեկտրոնային համակարգի սարքերի արտադրության և հավաքման գործունեության իրականացման համար:
Գործադիրը սահմանել է մետաղական օգտակար հանածոների փորձանմուշները (որակական և քանակական տվյալները) հսկողական անալիզի ենթարկելու կարգը: Դրա գործադրմամբ կապահովվեն երկրաբանական լիակատար և համալիր ուսումնասիրման հիման վրա ընդերքի կառուցվածքի, դրա օգտակար հանածոների քանակի, որակի և այլ հատկությունների վերաբերյալ տեղեկության արժանահավատությունը և օգտակար հանածոների արդյունաբերական նշանակության օբյեկտիվ գնահատումը:
Նիստում հավանության է արժանացել ՀՀ շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի ռազմավարությունը: Իրավական ակտով կապահովվի շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի համակարգի ձևավորմանն ուղղված աշխատանքի նպատակային իրականացումը:
Կառավարությունը մոտ 125 մլն դրամ է հատկացրել 2014թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ջրանցքներում ջրի պակասորդը մեխանիկական եղանակով լրացնելու ժամանակ ծախսված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու համար: Ավելի քան 280 մլն դրամ է հատկացվել ոռոգման ոլորտի կազմակերպությունների՝ ս.թ. հուլիսի 1-ից թանկացած էլեկտրաէներգիայի օգտագործման ծախսը փոխհատուցելու համար: Նույն նպատակով «Սևան-Հրազդանյան ջրառ» ՓԲԸ-ին տրամադրվել է մոտ 125 մլն դրամ:


Այլ որոշումներ


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունմամբ կամրապնդվի ՀՀ ոստիկանության փոխգործակցությունը տնտեսվարող սուբյեկտների հետ, ինչն էլ կնպաստի հանցագործությունների կանխարգելմանը, դրանց արագ արձագանքմանն ու բացահայտմանը: Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթղթով նախատեսվում է ՉԺՀ կառավարության կողմից ՀՀ կառավարությանը տրամադրել 60 մլն յուանի անհատույց տեխնիկական օգնություն: Իրականացվելիք կոնկրետ ծրագրի բովանդակությունը կողմերը լրացուցիչ համաձայնեցնելու են:
Գործադրի որոշումներով «Ապառաժ» ՍՊԸ-ին թույլատրվել է մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել ընդերքօգտագործման ոլորտում կիրառվող պայթեցման միջոցներ, «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ին և «Լամբրոն ֆարմիմպեքս» ՍՊԸ-ին՝ երեք տարի գործողության ժամկետով տրվել թմրամիջոցների և հոգեմետ նյութերի՝ ՀՀ կառավարության սահմանած պրեկուրսորների ներմուծման գործունեության իրականացման արտոնագրեր:
Նիստի ավարտին կազմվել է կառավարության անդամների` Ամանորին զորամասեր և սահմանամերձ համայնքներ այցելելու ժամանակացույցը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է այդ ավանդույթը շարունակելու անհրաժեշտությունը: «Տարեմուտին փորձենք բոլորս լինել որևէ զորամասում, սահմանամերձ գյուղում: Կարծում եմ՝ դա ճիշտ կլինի նաև բարոյական տեսակետից, երբ կառավարության անդամները, գերատեսչությունների ղեկավարները անպայման այցելեն մեր զինվորներին», - շեշտել է կառավարության ղեկավարը:

More Sharing ServicesՏարածել | Share on facebook Share on livejournal Share on google Share on twitter
Ուղարկել էլ. փոստին Ուղարկել էլ. փոստին Տպել Տպել
Վեբ մասնագետ | Հղումներ | Կայքի քարտեզ
© 2004 - 2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Սույն կայքում տեղադրված լուսանկարները պաշտպանվում են հեղինակային և հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի թույլտվությունը:

← Վերադառնալ ցուցակին