Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Երևան Ջուր» ընկերության ղեկավարության հետ

17.12.2014

 Մայրաքաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Երևան Ջուր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռոստիսլավ Չապմանի հանդիպման ընթացքում: Ընդգծելով մայրաքաղաքում ջրամատակարարման որակի ապահովման կարևորությունը՝ Երևանի քաղաքապետը նշել է, որ պետք է հետևողականորեն շարունակել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները, որպեսզի մայրաքաղաքի բնակիչների համար ապահովվի անխափան և որակյալ ջրամատակարարում:
«Վերջին տարիներին իրականացված մեր համատեղ աշխատանքի արդյունքում մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավման ուղղությամբ իսկապես զգալի աշխատանքներ են իրականացվել: Սակայն դեռ կան որոշակի խնդիրներ, որոնց ուղղությամբ ևս ամենօրյա հետևողական աշխատանք պետք է տարվի արդյունավետ լուծումներ գտնելու համար: Մենք պետք է հասնենք այնպիսի արդյունքի, որպեսզի Երևանում շուրջօրյա անխափան ջրամատակարարում ապահովվի և որ ամենակարևորն է՝ բնակիչները գոհ մնան մատուցվող ծառայություններից»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ «Երևան Ջուր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռոստիսլավ Չապմանն էլ իր հերթին, գոհունակություն հայտնելով համատեղ արդյունավետ համագործակցության արդյունքներից, ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է:
«Երևանի քաղաքապետարանի և «Երևան Ջուր» ընկերության համատեղ աշխատանքի արդյունքները մեկ անգամ ևս փաստում են, որ մեր համագործակցությունն իսկապես հաջողված է: Երևանի ջրամատակարարման բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացման հարցում մենք մշտապես զգացել ենք քաղաքապետարանի աջակցությունը, և վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ բոլոր այն ծրագրային դրույթները, որոնք ամրագրված են Երևանի ջրային համակարգերի վարձակալության պայմանագրում, մենք հետևողականորեն կյանքի կկոչենք: Նաև համոզված եղեք, որ «Երևան Ջուր» ընկերությունը պատրաստակամ է հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հարցում»,- նշել է Ռոստիսլավ Չապմանը:
Շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է աջակցել «Երևան Ջուր» ընկերությանը, որպեսզի բնակիչների կողմից բարձրացվող ոլորտային հարցերին տրվեն արդյունավետ լուծումներ ու 2015թ.-ին նախատեսված ծրագրերը ևս ամբողջությամբ կյանքի կոչվեն:

← Վերադառնալ ցուցակին