Լուրեր

Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը

16.12.2014

Դեկտեմբերի 16-ին խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են ՀՀ կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը: Նախագծով առաջարկվում է Գյումրու «Շիրակ» օդանավակայանի ուղեւորներին ազատել ելքի համար պետտուրքի վճարումից, ինչը կխթանի ուղեւորահոսքի ավելացումը:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում օրինագիծը ստացել է դրական եզրակացություն:

Այնուհետեւ տեղի են ունեցել քվեարկություններ. պատգամավորներն ընդունել են արտահերթ նստաշրջանի ընթացքում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները, վավերացրել են համաձայնագրեր:

Քվեարկությունների ավարտից հետո խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագծի հիմնական նպատակն է վերոնշյալ օրենքի կանոնակարգումները ներդաշնակեցնել ՀՀ ընտրական օրենսգրքի հետ, ինչը թույլ կտա լիակատար եւ ամբողջական կանոնակարգել տեղական հանրաքվեի իրավահարաբերությունները՝ չսահմանելով նոր սկզբունքային փոփոխություններ ընտրական գործընթացների մասնակիցների համար:

ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Նախատեսվում է կարգավորել հանրային իրավական դրամական պահանջների գործերով առկա բացթողումները, առանձին դեպքերի համար ունենալ հանրային իրավական դրամական պահանջների կատարման դատական կարգ? միաժամանակ պահպանելով ընդհանուր արտադատական կարգը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Էլինար Վարդանյանի առաջարկով «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթում ներառված նոր՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին», «Սոցիալական աջակցության մասին», «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» եւ «Ոստիկանության ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

Այնուհետեւ պատգամավորները քննարկել են ՀՀ նախագահի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2014 թվականի սեպտեմբերի 5-ին ստորագրված «Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որը ներկայացրել է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ Հայաստանի ներքին էլեկտրահաղորդման ցանցի շահագործման արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 37մլն ԱՄՆ դոլար վարկ՝ 25 տարի մարման ժամկետով:

Արեգ Գալստյանը ներկայացրել է նաեւ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2014 թվականի օգոստոսի 6-ին ստորագրված «Լրացուցիչ ֆինանսավորում Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ծրագրի համար» վարկային համաձայնագիրը, որի համաձայն? Հայաստանի էլեկտրահաղորդման ցանցի կարողություններն ամրապնդելու նպատակով նախատեսվում է ՀՀ-ին հատկացնել 40 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ՝ մասնավորապես փոխարինելու «Հաղթանակ», «Չարենցավան» եւ «Վանաձոր» ենթակայանների 30 եւ ավելի տարիներ շահագործման մեջ գտնվող սարքավորումները: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ վարկի մարման ժամկետը 2018 թվականի դեկտեմբերի 31-ն է:

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2014 թվականի հունիսի 24-ին Երեւանում եւ 2014 թվականի հունիսի 27-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Երեւանի ջրամատակարարման բարելավում» ֆինանսական պայմանագիրը: Ներգրավվող վարկային միջոցների հաշվին նախատեսվում է վերականգնել Երեւանի ընտրված տարածքների ջրամատակարարումը, նվազեցնել ջրային կորուստները եւ բարելավել ջրի հասանելիությունը:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ 2014 թ. օգոստոսի 6-ին ստորագրված «Առեւտրի խթանման եւ որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 50 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ: Ծրագրի նպատակն է հզորացնել ՀՀ արտահանման խթանման, ներդրումների ներգրավման եւ ձեռնարկություններին տրամադրվող որակի կառավարման ծառայությունների կարողությունները:

ՀՀ եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2014 թ. հունիսի 24-ին Երեւանում եւ 2014 թ. հունիսի 27-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Ջրային ոլորտի համայնքային ենթակառուցվածք» ֆինանսական պայմանագիրը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը: Պայմանագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 25.500.000 եվրո գումարի չափով վարկ: Ծրագիրն ուղղված է Հայաստանի փոքր քաղաքներում ու համայնքներում ջրամատակարարման եւ ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնմանը ու կառուցմանը՝ նպատակ ունենալով ապահովելու խմելու ջրի կայուն եւ շարունակական մատակարարումը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները համաձայնագրերի վերաբերյալ տվել են դրական եզրակացություն:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկման է ներկայացրել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է հեռահաղորդակցության ոլորտի հետագա արդյունավետ զարգացման ապահովում: Նախագծով առաջարկվում է Հայաստանի տարածքով Վրաստանից դեպի Իրան ինտերնետի տարանցիկ փոխադրման ծառայություններն ազատել ավելացված արժեքի հարկից:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

«Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցման ընթացակարգով: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում պետական մարմինների կողմից ծառայությունների էլեկտրոնային ձեւով մատուցման եւ այդ ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման համար անհրաժեշտ տեխնիկական համակարգերի միասնականության, անվտանգության եւ փոխգործակցության ապահովմամբ: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել ապահովելու ինչպես պետական եւ տեղական ինքնակառավարման տարբեր մարմինների կողմից ստեղծվող համակարգերի փոխգործակցությունն ու անվտանգ աշխատանքը, այնպես էլ այդ մարմինների կողմից ծառայությունները ձեռք բերող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց մոտ անվտանգ եւ համապատասխան մարմինների հետ փոխգործակցության հնարավորություն ապահովող համակարգերի առկայությունը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Լեւոն Մարտիրոսյանը:

Այնուհետեւ երկրորդ ընթերցումով ընդունելու համար խորհրդարանականները քննարկել են «Տեսչական մարմինների մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նշենք, որ փաթեթում ներառված «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը քննարկվել է առաջին ընթերցման ընթացակարգով:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկվող հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն առաջին ընթերցումով ներկայացրել է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է ընդլայնել հսկվող եւ արգելվող թմրամիջոցների ցանկը: Ըստ հիմնական զեկուցողի՝ արդեն սկսել են Հայաստանի Հանրապետության տարածք ներկրել համաշխարհային թմրաբիզնեսի նոր սերնդի թմրամիջոցները, որոնց ունեցած հոգեկան ու ֆիզիկական թմրազդեցությունը մի քանի անգամ գերազանցում է արգելված թմրամիջոցների ազդեցությունը: Նշվել է, որ հսկվող թմրամիջոցների ցանկի ընդլայնմամբ հնարավոր կլինի կանխել եւ բացահայտել ծխախոտային խառնուրդների ապօրինի ներկրումը հանրապետություն:

Խորհրդարանն արտահերթ նստաշրջանի աշխատանքը կշարունակի դեկտեմբերի 17-ին:

← Վերադառնալ ցուցակին