Լուրեր

Գալուստ Սահակյանն ընդունել է Չինաստանի դեսպանին

09.12.2014

 ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին:
ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ եւ մաղթել արգասաբեր գործունեություն՝ ի նպաստ հայ-չինական բարեկամության: Գալուստ Սահակյանը կարեւորել է երկու երկրների միջեւ բարձր մակարդակի քաղաքական շփումները, փոխայցելությունները եւ երկկողմ հանդիպումները: Նա, կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունը խթանելու գործում, իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու հայ-չինական միջխորհրդարանական կապերի աշխուժացմանը: Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ գիտակրթական, մշակութային, տնտեսական բնագավառներում իրականացված համատեղ ծրագրերը եւ ողջունել Երեւանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնումը, որը կնպաստի գիտակրթական եւ մշակութային ոլորտներում հայ-չինական համագործակցության խորացմանը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է խնդրի կարգավորման բանակցային սկզբունքին եւ բարձր է գնահատում Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը Արցախի հիմնախնդրի առնչությամբ: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի եւ մեր ժողովրդի դեմ կատարված հանցագործությանն արժանի գնահատական տալու մասին՝ խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ չինական կողմն իր մասնակցությունը կունենա 2015 թվականի ապրիլին կազմակերպվելիք միջոցառումներին:

Դեսպան Թիան Էրլունը նշել է, որ իր համար մեծ պատիվ եւ պատասխանատվություն է լինել Չինաստանի դեսպանը Հայաստանում եւ ներկայացնել իր պետությունը մի երկրում, որի հետ պատմական, մշակութային, առեւտրատնտեսական կապերը եւ շփումներն ունեն դարերի պատմություն: Պարոն Էրլունը բարձր է գնահատել բարեկամ երկրների խորհրդարանների համագործակցությունը, փորձի փոխանակումը եւ փոխայցելությունները, որոնք բարեկամական հարաբերությունների զարգացման կարեւոր մասն են կազմում: Դեսպանի խոսքով՝ Չինաստանը մեծ տեղ է տալիս Հայաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների խորացմանը, նույնիսկ Պեկինի համալսարանում հայոց լեզու է դասավանդվում: Թիան Էրլունը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր շփումները զարգանում են բավականին դինամիկ: Նա կարեւորել է համաործակցությունը մշակութային, առեւտրատնտեսական, հումանիտար ոլորտներում՝ նշելով, որ մեծացել է երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալը: Դեսպանը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կլուծվի խաղաղ բանակցային ճանապարհով:

← Վերադառնալ ցուցակին