Լուրեր
Ազգային ժողովը շարունակել է Եվրասիական տնտեսական միության պայմանագրին միանալու վերաբերյալ քննարկումները
03.12.2014
Խորհրդարանը դեկտեմբերի 3-ի նիստում շարունակել է քննարկել «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված» Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» փաստաթուղթը:
ԱԺ պատգամավորները քննարկվող պայմանագրի վերաբերյալ մտքեր են փոխանակել:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ միանալով ԵՏՄ-ի պայմանագրին՝ Հայաստանը Իրանի հետ չի կարողանալու կնքել ազատ առեւտրի պայմանագիր եւ իրանական գազի համար դառնալ տարանցիկ երկիր: Պատգամավորը նշել է, որ դեմ է քվեարկելու պայմանագրին: Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով՝ ԵՏՄ-ին անդամակցելը Հայաստանի համար հղի է ծանր հետեւանքներով, եւ ինքը եւս դեմ է քվեարկելու: Թեւան Պողոսյանի գնահատմամբ՝ չնայած ԵՏՄ-ն տնտեսական միություն է, այն փոխելու է քաղաքականությունը, եւ Հայաստանը դառնալու է այդ միության արժեքային համակարգի կրողը: Պատգամավորը եւս նշել է, որ դեմ է քվեարկելու: Մհեր Շահգելդյանի կարծիքով՝ ԵՏՄ-ի մեջ Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր շահերը եւ հավասարակշռված ու դիվերսիֆիկացված տնտեսություն ձեւավորելու դեպքում զարգացնել արտադրությունը՝ արտահանելով միաժամանակ եւ ԵՏՄ երկրներ, եւ Իրան: Արտակ Դավթյանը համոզմունք է հայտնել, որ պայմանագիրը բխում է Հայաստանի քաղաքացու եւ պետության շահերից, եւ ինքը կողմ է ԵՏՄ-ին միանալուն: Ողջունելով ԵՏՄ անդամ դառնալու որոշումը՝ Հայկ Բաբուխանյանը մատնանշել է աշխարհում ընթացող ինտեգրացիոն գործընթացները եւ մասնավորեցրել, որ Հայաստանը չի կարող զերծ մնալ այդ ամենից: Ըստ պատգամավորի՝ պայմանագիրն առնչվելու է անվտանգությանը, տնտեսությանը եւ հումանիտար ոլորտին: Պատգամավոր Լեւոն Դոխոլյանի կարծիքով՝ ԵՏՄ-ին անդամակցումը մեր երկրին տնտեսական զարգացման չի տանելու: Նա անդրադարձել է ապրանքների արտահանմանը, երկրի առջեւ ծառացած խոչընդոտներին, կառավարության վարած քաղաքականությանը: Հրանտ Բագրատյանի խոսքով՝ Հայաստանը, անդամակցելով ԵՏՄ-ին, կորցնում է իր ինքնիշխանությունը, վտանգում տնտեսական աճը: Խաչատուր Քոքոբելյանն անդրադարձել է մեր երկրի անվտանգությանը, սահմանադրականությանը, ինքնիշխանությանը եւ տնտեսական շահերին, խոսել մաքսատուրքերի դրույքաչափերից, գնաճից, գազի գնից: Խոսրով Հարությունյանի խոսքով՝ ԵՏՄ-ին անդամակցումը բխում է Հայաստանի տնտեսական անվտանգության շահերից: Արտաշես Գեղամյանը եւս դրական է գնահատել ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցությունը եւ նշել, որ այն կարեւոր է Հայաստանի անվտանգության տեսանկյունից: Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում Հայաստանը կայացրել է ճիշտ որոշում՝ անդամակցել ԵՏՄ-ին: Մարգարիտ Եսայանի կարծիքով եւս՝ պայմանագրին միանալը շահավետ է եւ Հայաստանին տալու է ազատ շուկայի հնարավորություն:
Արտահերթ ելույթով հանդես է եկել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշել է, որ քննարկվող հարցը կարեւոր է մեր պետության եւ մեր հասարակության ապագա զարգացման համար, ուստի խորհրդարանում հնչող տեսակետները եւ զգացմունքային գնահատականները սպասելի են եւ բնական: Սակայն, նրա բնորոշմամբ, բնական չեն կարող լինել իրականության ուռճացումը եւ իշխանության հասցեին հնչող անհիմն մեղադրանքները: Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ ցանկացած միության անդամակցություն որեւէ երկրի համար չի կարող ունենալ միայն դրական հետեւանքներ, եւ երկիրն ինքն է անդամակցելուց առաջ ուսումնասիրում հնարավոր դրական եւ բացասական զարգացումները: ԱԺ փոխնախագահը Հայաստանի համար դրական է համարել այն փաստը, որ ԵՏՄ անդամակցությամբ երկրի տնտեսվարողների համար բացվում է 170 միլիոնանոց շուկա: Էդուարդ Շարմազանովը կարեւորել է նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանը նավթամթերքի ներկրման ժամանակ վճարում է 30 տոկոսով քիչ մաքսատուրք՝ համարելով այն դրական արդյունք: Նշվել է, որ շուրջ 720 առաջին անհրաժեշտության ապրանքներ հինգ տարի չեն թանկանալու: ԱԺ փոխնախագահը համաձայնել է պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի այն դիտարկմանը, թե երկիրը, որը մի կողմ է դնում ազատությունը, արժանի չէ ոչ ազատության, ոչ անվտանգության եւ հավելել. «Բայց մենք ազատությունը մի կողմ չենք դրել, հակառակը, մենք սրբորեն պահում ենք մեր ազատությունը եւ անկախությունը: Եզրափակելով ելույթը՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը պայմանավորված է Հայաստանի անկախության, անվտանգության ամրապնդմամբ, ինչպես նաեւ ՀՀ-ի եւ Արցախի տնտեսական ու քաղաքական հզորությամբ:
Պայմանագրի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն Աժ-ի դեկտեմբերի 4-ի նիստում:
Նիստում «ՀՀ ԱԺ կանոնակարգ» օրենքի 105.1 հոդվածով նախատեսված ընթացակարգով պատգամավորները քննարկել են ՕԵԿ խմբակցության հարցապնդումը, որը ներկայացրել է Հովհաննես Մարգարյանը:
Հարցապնդումը վերաբերում էր ԽՍՀՄ ավանդների փոխհատուցման գործընթացին: Քանի որ այս տարվանից ավանդների փոխհատուցման գործընթացում առաջնահերթություն է սահմանվել արցախյան եւ Աֆղանստանի պատերազմի մասնակիցների, ինչպես նաեւ մինչեւ 1929 թվականը ծնված ավանդատուների համար, ՕԵԿ-ը խնդրել էր կառավարությանը տեղեկատվություն տրամադրել փոխհատուցում ստացած՝ արցախյան եւ Աֆղանստանի պատերազմի մասնակիցների թվաքանակի մասին:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ի պատասխան հարցապնդմանը նշել է, որ փոխհատուցում է տրվել անապահովության գնահատման համակարգում հաշվառված «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների՝ մինչեւ 1929 թվականը ծնված 4304 անդամների: Նաեւ՝ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցած 1242 անձանց:
Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ մինչեւ տարեվերջ նախատեսվում է ավանդների դիմաց փոխհատուցում վճարել եւս 1200 ավանդատուների:
«ԱԺ կանոնակարգ» օրենքի սահմանած կարգով՝ չորեքշաբթի օրվա վերջին նիստում ՀՀ վարչապետը եւ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին: