Լուրեր
Ամբողջությամբ ավարտվել է շախմատի դպրոցներ հիմնելու 2014թ. ծրագիրը
02.12.2014
Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի հետ միասին մասնակցել է շախմատի հերթական նորաստեղծ դպրոցների հանդիսավոր բացման արարողություններին:
Մայրաքաղաքի Նոր Նորք, Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների շուրջ 800 շախմատասեր փոքրիկների համար ապահովվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Նորաստեղծ դպրոցներն ունեն կահույքով և պարագաներով կահավորված դասասենյակներ ու դահլիճներ, նաև ապահովված են սանհանգույցներով: Պատասխանատուների ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է նորաբաց դպրոցներում, ծանոթացել երեխաների համար ստեղծված պայմաններին:
«Մենք ամբողջությամբ ավարտեցինք 2014թ. ծրագրով նախատեսված աշխատանքներն ու բոլոր այն 5 դպրոցները, որոնք նախատեսել էինք ստեղծել մայրաքաղաքում, ամբողջությամբ հանձնեցինք շահագործման: Այսպիսով, Դավթաշենում, Աջափնյակում և Ավանում գործող դպրոցների շարքը համալրեցին նաև Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջանների շախմատի դպրոցները, ինչը մարզաձևի զարգացմանն ուղղված իսկապես մեծ ձեռքբերում եմ համարում և վստահ եմ, որ այս մարզական օջախներում սովորող երեխաները ևս շարունակելու են բարձր պահել մեր երկրի ու մայրաքաղաքի պատիվը: Մեր որդեգրած այս քաղաքականության նպատակը բոլոր 12 վարչական շրջաններում շախմատի դպրոցներ ունենալն է և թե՛ որպես Երևանի քաղաքապետ, թե՛ որպես Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ վստահեցնում եմ, որ մենք կյանքի կկոչենք այդ ծրագիրը: Մեկ անգամ ևս ուզում եմ շեշտել, որ մայրաքաղաքում այս մարզաձևի զարգացմանն օժանդակելու նպատակով բացված ու բացվող բոլոր դպրոցները կգործեն անվճար»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Բարձր գնահատելով Երևանի շախմատի ֆեդերացիայի աշխատանքը` Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը նկատել է, որ իսկապես մարզաձևի զարգացման, տարածման ու երեխաների կրթության համար մեծ աշխատանք է տարվել ու տարվում մայրաքաղաքում:
«Ես այսօր իսկապես երջանիկ եմ, որովհետև տեսնում եմ հատուկ վերաբերմունք մեր ապագայի, մեր երեխաների ու մեր մտքի հանդեպ: Պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ թեև իմ մանկության տարիներին ևս շախմատի զարգացման նկատմամբ հատուկ վերաբերմունք եղել է, բայցև այսպիսի հոգատարություն և հարմարավետ պայմաններ երբեք չեն եղել: Նմանատիպ պայմանների ապահովումը, այն էլ վարչական տարբեր շրջաններում, ուղղակի անգնահատելի է մարզաձևի զարգացման համար, հատկապես հաշվի առնելով, որ աշխարհի որևէ երկրում նման բան չկա: Ու թող մեր համաքաղաքացիներն իմանան, թե մեր երեխաների համար ինչ լավ ու կարևոր գործ է արվում քաղաքապետարանի և Երևանի շախմատի ֆեդերացիայի կողմից. դպրոցներն անվճար են և երեխաների հետ էլ աշխատելու են լավ մարզիչներ»,- ընդգծել է Սմբատ Լպուտյանը:
Հարկ է նկատել, որ մայրաքաղաքում գործող շախմատի բոլոր դպրոցներն լիովին կահավորված են համապատասխան գույքով ու անհրաժեշտ այլ պարագաներով, ուսումնական գործընթացի համար ստեղծված են բոլոր պայմանները: Պատասխանատուներն իրենց հերթին նկատել են, որ, շախմատի դպրոցների թվին զուգահեռ, մայրաքաղաքում զգալիորեն ավելացել է շախմատասեր մանուկների և պատանիների թիվը: