Լուրեր
Երևանի քաղաքապետարանը կհամագործակցի Փորձաքննությունների ազգային բյուրոյի հետ
28.11.2014

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Փորձաքննությունների ազգային բյուրո: Տնօրեն Արտաշես Ջավադյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է մասնաշենքերում և ծանոթացել կառույցի գործառույթներին ու պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ: Տարոն Մարգարյանին ներկայացնելով Փորձաքննությունների ազգային բյուրոյի կառուցվածքն ու հիմնական ստորաբաժանումների աշխատանքը՝ Արտաշես Ջավադյանը նշել է, որ կատարվող փորձաքննությունների ու տեխնիկական փորձարկումների համար այսօր բյուրոյում կիրառվում են արդյունավետ ժամանակակից հետազոտական մեթոդներ: Այցի շրջանակում կազմակերպության աշխատակիցները Երևանի քաղաքապետին են ներկայացրել քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում տարատեսակ փորձաքննությունների մասով համագործակցության հնարավոր ուղղությունները: Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է բյուրոյի հետ փոխգործակցություն հաստատելու հարցում և առաջարկել է համատեղ քննարկել երկուստեք համագործակցության հստակ ուղղությունները, որի արդյունքում կնախապատրաստվի համագործակցության վերաբերյալ համաձայնագրի նախագիծ: