Լուրեր
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԿՈՒՆԻՈ ՄԻԿՈՒՐԻԱՅԻՆ
21.11.2014
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային:
Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը պարոն Միկուրիայի հերթական այցը Հայաստան համարել է մաքսային ծառայության ոլորտում կազմակերպության՝ անդամ երկրներում իրականացվող բարեփոխումների գործում բարձր հանձնառության ու առանձնակի ուշադրության վկայություն: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ հայաստանյան այցի ընթացքում Կունիո Միկուրիան կկարողանա արձանագրել և գնահատել վերջին հինգ տարիների ընթացքում այս բնագավառում Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությամբ ՀՀ կողմից իրականացված բարեփոխումների արդյունավետությունն ու ձեռքբերումները: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանում մեծապես գնահատում են Հայաստան-Համաշխարհային մաքսային կազմակերպություն երկարամյա փոխգործակցությունը և շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը՝ մեր երկրին օժանդակության ու ոլորտի մարտահրավերների հաղթահարման գործում շահագրգիռ համագործակցության համար:
Կունիո Միկուրիան գոհունակությամբ է արձանագրել, որ Մաքսային գործի բոլոր ոլորտներում անհրաժեշտ բարեփոխումների առումով Հայաստանում մեծածավալ աշխատանք է իրականացվել, և առաջընթացն ակնհայտ է: Նա ընդգծել է հատկապես մաքսային ընթացակարգերում ժամանակակից բարձր տեխնոլոգիաների կիրառման, սահմանային անցակետերի արդիականացման, մարդկային ռեսուրսների կառավարման, օրենսդրության կատարելագործման և այլ ուղղություններով հաջողությամբ ընթացող աշխատանքները, որոնց արդյունքները, Կունիո Միկուրայի հավաստմամբ, զգալի են, և իր ներկայացրած հաշվետվության մեջ դրանք բարձր են գնահատվել:
Նա նշել է, որ տեղյակ է նաև Համաշխարհային բանկի 2014թ. «Doing Business» վարկանիշային աղյուսակում արձանագրված դրական տեղաշարժի մասին, ինչին նպաստել է Հայաստանի հարկային և մաքսային վարչարարության բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքը:
Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարը ՀՀ Նախագահի հետ քննարկել է նաև ՀՀ մաքսային ծառայության ոլորտի մարտահրավերներն ու բարեփոխումներին ուղղված հետագա ծրագրերը՝ այդ համատեքստում կարևորելով մաքսավոր-գործարար համագործակցությունը, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ շարունակական ջանքերը, որոնք, նրա համոզմամբ, ավելի մրցունակ կդարձնեն Հայաստանի տնտեսությունը: