Լուրեր

Հայաստանի վարչապետն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին և ֆրանսիական «Սաուր» ընկերության գործադիր նախագահին

19.11.2014

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանի և Կիպրոսի միջև պատմականորեն ձևավորվել են ջերմ, բարեկամական հարաբերություններ, և նման բարձր մակարդակի պաշտոնական այցերը նպաստում են երկկողմ կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը: «Մեր ժողովուրդներն իրար են կապված դարավոր կապերով, ինչն ամուր հիմք է միջպետական հարաբերությունների, առևտրատնտեսական կապերի, ռազմական և կրթամշակութային ոլորտներում առկա հարաբերությունների ամրապնդման և հետագա զարգացման համար», - նշել է կառավարության ղեկավարը:
Յանակիս Օմիրուն բարձր է գնահատել հայ-կիպրական ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ համագործակցությունը և դինամիկ որակել այն՝ ընդգծելով, որ դրան մեծապես նպաստում է նաև կիպրահայ համայնքի գործունեությունը: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել հայ համայնքի նկատմամբ Կիպրոսի իշխանությունների ցուցաբերած հարգալից և ջերմ վերաբերմունքի համար:
Գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակից՝ զրուցակիցները կարևորել են նաև առևտրատնտեսական համագործակցության աշխուժացումը: Այս համատեքստում վարչապետն անհրաժեշտ է համարել գործարարների փոխադարձ շփումների ակտիվացումը` տնտեսական կապերի ներուժը բացահայտելու և գործակցության նոր ուղղություններ ուրվագծելու համար:
Կողմերը գոհունակություն են հայտնել առ այն, որ Հայաստանը և Կիպրոսը մշտապես սատարել են միմյանց և հավասարակշռված դիրքորոշում դրսևորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Կիպրոսի խնդրի լուծման հարցում՝ կարևորելով դրանց խաղաղ կարգավորումը, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա:
Հովիկ Աբրահամյանը և Յանակիս Օմիրուն խոսել են նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին և անդրադարձել Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի շրջանակում Հայաստանում և Կիպրոսում անցկացվելիք ոգեկոչման ու հիշատակի միջոցառումներին, որոնց կմասնակցեն ինչպես հայաստանյան, այնպես էլ կիպրոսյան բարձրաստիճան պաշտոնական պատվիրակություններ:


Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության պայմանագրային կառավարիչ ֆրանսիական «Սաուր» ընկերության գործադիր նախագահ Ժերոմ Լե Կոնտի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետն արդյունավետ է գնահատել ՀՀ կառավարության և ֆրանսիական ընկերության միջև համագործակցությունը: Հովիկ Աբրահամյանը ջրամատակարարման բնագավառում նոր ծրագրեր իրականացնելու գործում կարևորել է փոխգործակցության զարգացումը:
Ժերոմ Լե Կոնտը նշել է, որ Հայաստանի կառավարությունը «Սաուր» ընկերության համար կարևոր գործընկեր է: Պարոն Լե Կոնտի խոսքով՝ ֆրանսիական ընկերությունը պատրաստվում է մեր երկրում ջրամատակարարման բնագավառում ներդնել նոր տեխնոլոգիաներ:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ջրամատակարարման ոլորտում նոր ծրագրերի իրականացմանը, առկա վիճակին և խնդիրներին առնչվող հարցեր:

← Վերադառնալ ցուցակին