Լուրեր
Խորհրդարանը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը
18.11.2014
Նոյեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նիստի աշխատանքը՝ ավարտելով առաջին ընթերցմամբ քննարկվող «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:
Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը, որից հետո առաջին ընթեցմամբ քննարկել է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համապատասխանեցնել հարկային եւ մաքսային ծառայության նույն մակարդակի պաշտոն զբաղեցնող հարկային եւ մաքսային ծառայողների, ինչպես նաեւ Հատուկ քննչական ծառայության (քննչական կոմիտեի ծառայողի) եւ ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության ծառայողների աշխատավարձերի հաշվարկման գործակիցները:
Նախագծի վերաբերյալ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:
Առաջին ընթերցմամբ պատգամավորներն այնուհետեւ քննարկել են «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որր ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա նշել է, որ, հաշվի առնելով ժամանակավոր անաշխատունակության նպաստների ոլորտում առկա խնդիրները եւ հղիության եւ ծննդաբերության ժամանակահատվածի համար չաշխատող մայրերին սոցիալական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է հղիության եւ ծննդաբերության նպաստը վերանվանել մայրության նպաստի, պահպանել մայրության այդ նպաստի չափը եւ միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը՝ սահմանելով մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկի չափով: Բարձր՝ առավելագույն շեմը գերազանցող եկամուտներ ունեցողների համար եւս 100 տոկոս փոխհատուցման գործակից ապահովելու նպատակով սահմանվել է, որ մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմը գերազանցող գումարից մայրության նպաստը նշանակելու (հաշվարկելու) եւ գործատուի միջոցներից վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են գործատուների կնքած կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:
Առաջարկվում է նաեւ սահմանել, որ Ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի 80%-ից:
Նախատեսվում է մայրության նպաստ վճարել նաեւ չաշխատող կանանց: Մայրության նպաստից կզրկվեն այն կանայք, ովքեր երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիր ստացած չեն լինի` բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի:
Ըստ նախագծի՝ չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի՝ 140 օրվա ընթացքում:
Չաշխատող կնոջը տրվող մայրության նպաստը կհաշվարկվի ՀՀ կառավարության սահմանած մեծությունից, որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է սահմանի որպես նվազագույն ամսական աշխատավարձի չափի նկատմամբ հաշվարկված տոկոսաչափ (նախատեսվում է` նվազագույն ամսական աշխատավարձի 50%-ի չափով): Այս դեպքում չաշխատող կնոջը տրվող մայրության նպաստը 60000 դրամ նվազագույն աշխատավարձի դեպքում 4,6 ամսվա համար կկազմի շուրջ 138000 դրամ:
Նախագծի մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է ավելացնել հիվանդության նպաստի` գործատուի կողմից վճարվող ժամանակահատվածը` 3 օրից դարձնելով 5 օր:
Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանել է պատգամավորների բազմաթիվ հարցերին:
Հարակից ելույթում ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, անդրադառնալով քննարկվող օրենքի նախագծին, եւս մեկ անգամ հիշեցրել է, որ աշխատող կանանց համար պահպանվելու է մայրության նպաստի 100 տոկոսանոց փոխհատուցումը, իսկ չաշխատող կանանց մայրության նպաստ կտրվի նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով:
Նախագծի նպատակը, ըստ հանձնաժողովի նախագահի, չաշխատող կանանց աջակցելը եւ ծնելիության խթանումն է: Հակոբ Հակոբյանը մանրամասն անդրադարձել է պատգամավորների հնչեցրած հարցերին եւ նշել, որ օրենքի նախագիծը քննարկվել է հանձնաժողովի նիստում եւ ստացել դրական եզրակացություն:
Հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել ԱԺ պատգամավորները:
Հեղինե Բիշարյանը ողջունել է կառավարության օրենսդրական նախաձեռնությունը եւ նշել, որ օրենքի նախագծում առկա են որոշակի հակասություններ:
Թեւան Պողոսյանի կարծիքով էլ՝ պետք է ճշտել օրենքի հասցեականությունը: Ըստ նրա՝ աշխատող մայրերին պետք է փոխհատուցել, իսկ չաշխատող կանանց տրամադրել նպաստ:
Արծվիկ Մինասյանը ներկայացրել է սոցիալական ապահովության համակարգի ձեւավորման ու կայացման փուլերը եւ նշել, որ համակարգը պետք է հստակ հայեցակարգ ունենա: Հրանտ Բագրատյանը խոսել է մայրության նպաստի հաշվարկման մեխանիզմների մասին՝ կարծիք հայտնելով, որ բոլոր մայրերին պետք է որոշակի միանվագ գումար հատկացնել: Հայկ Բաբուխանյանը ողջունելի է համարել ժողովրդագրական խնդիրներին վերաբերող օրենսդրական առաջարկը: Նա անարդար է համարել մայրերին տրվող նպաստների միջեւ խիստ անհամաչափությունը: Լեւոն Մարտիրոսյանը կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է փոխել սոցիալական քաղաքականության փիլիսոփայությունը: Իշխան Խաչատրյանն անդրադարձել է օրենսդրական փաթեթի վիճահարույց կետերին եւ կոչ արել կառավարությանը՝ մշակելու ժողովրդագրական քաղաքականությանը վերաբերող նմանատիպ այլ մեխանիզմներ եւս: Ողջունելով կառավարության առաջարկը՝ Ռուզաննա Մուրադյանը նշել է, որ սոցիալական առաջընթաց ապահովող օրենսդրական փաթեթ է ներկայացված: Նա կարեւորել է պատգամավորների կողմից առաջարկների ներկայացումը եւ դրանց հիման վրա փաթեթի համալրումն ու կատարելագործումը:
Հարցի վերաբերյալ արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նշել է, որ օրենսդրական փաթեթը տեւական ժամանակ քննարկվում է, խորհրդարանական խմբակցություններում եւս քննարկվել է, հարցի առնչությամբ կազմակերպվել են խորհրդարանական լսումներ: Հարցին անդրադառնալով ազգային արժեքների համատեքստում՝ նա ընդգծել է, որ ծնելիության մակարդակի բարձրացումը չպետք է պայմանավորել մայրերին տրվող նպաստների բարձրացմամբ: Ըստ պարոն Սահակյանի՝ պետությունը պարտավոր է բարենպաստ պայմաններ ստեղծել նորածնի համար առողջ մանկություն ապահովելու հարցում: ԱԺ նախագահը նշել է, որ բոլորի ցանկությունն է, որ չաշխատող մայրերն ավելի շատ նպաստ ստանան, սակայն պետք է առաջնորդվել առկա հնարավորություններով: «Պետությունն իր քաղաքականությունն է մշակել, ուզում է աջակցել, կունենանք ավելի մեծ բյուջե, այդ աջակցությունն էլ կավելանա»,-հավելել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ներկայացնելով խմբակցության տեսակետը, նշել է, որ ոլորտում իրականացվում է իրավիճակային քաղաքականություն: Նա ընդգծել է, որ իրենք դեմ են կառավարության վարած սոցիալական քաղաքականությանը:
ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը նշել է, որ հանրային հնչեղություն ունեցող հարց է, որը խմբակցությունում առաջիկայում եւս կքննարկվի, առաջինից երկրորդ ընթերցում իրենք առաջարկներ կներկայացնեն: ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկելու:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունը Հանրապետական խմբակցությունում մանրամասն քննարկվել է ինչպես մինչ խորհրդարանում շրջանառության մեջ դնելը, այնպես էլ՝ դրանից հետո: Անդրադառնալով մայրերին տրվող նպաստը ավելացնելու առաջարկներին՝ պարոն Բաղդասարյանը կարծիք է հայտնել, որ պետք է հաշվի առնել առկա հնարավորությունները:
Արտահերթ նիստը շարունակվում է: