Լուրեր

Կառավարությունում քննարկվել են ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները

14.11.2014

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը նվիրված խորհրդակցություն:
Վարչապետը նշել է, որ ՏՏ բնագավառը ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթություններից է, և հաշվի առնելով զարգացման մեծ ներուժի առկայությունը, գործադիրը պատրաստ է աջակցել ոլորտի առաջընթացին և ծրագրերի իրականացմանը:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից մշակված ծրագրի նախագիծը, որով առաջարկվում է ինժեներական լաբորատորիաներ ստեղծել հանրակրթական համակարգում՝ մասնագետների պատրաստման զանգվածային ծրագիր ներդնելով: Ծրագրի հեղինակներն առաջարկում են այն սկսել մարզերից՝ ՏՏ ոլորտի ընկերությունների հետ համագործակցության շրջանակում ձևավորելով ենթակառուցվածքների հաջորդական շղթա: Ակնկալվում է, որ ծրագիրը կնպաստի ոլորտի՝ որակյալ կադրերով համալրմանը, պետություն-մասնավոր հատված համագործակցության սերտացմանը և գիտություն-արտադրություն կապի արդյունավետ ապահովմանը:
Կառավարության ղեկավարը ողջունել է ներկայացված գաղափարը և հանձնարարել առաջարկվող ծրագիրը քննարկել պատկան գերատեսչությունների հետ:

← Վերադառնալ ցուցակին